Հունվարի 28-ին, ժամը 11:00-ին Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ձեռամբ տեղի կունենա կիրակնօրյա սուրբ պատարագ՝ նվիրված Բանակի օրվան, ինչպես նաև ի հիշատակ ազատագրական պատերազմների ընթացքում զոհված և անհայտ կորած զինծառայողների: Այս մասին հայտարարություն է տարածել «Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհայտ կորած զինծառայողների հարազատների միությունը»:
«Դրանից հետո, ժամը 12:00-ին տեղի կունենա համատեղ աղոթք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատության ու վերադարձի համար:
Ժամը 12:30-ին, մասնակիցների անունից ծաղկեպսակ կտեղադրվի հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հավերժացնող հուշապատին:
Բոլորիդ հրավիրում ենք մասնակցելու նշված միջոցառմանը՝ մեր խոնարումը բերելով Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին»,- ասված է հայտարարությունում: