Գիտաֆանտաստիկ գրականությունում մարդիկ հաճախ գտնում են լույսի արագությամբ ընթանալու ձևը: Սակայն հարց է առաջանում՝ կարո՞ղ է մարդու մարմինը դիմանալ այդպիսի արագությանը: Ի՞նչ տեղի կունենա մարդու հետ, եթե նա ընթանա նման արագությամբ։
Եթե մի պահ ենթադրենք, թե դա հնարավոր է (թեև դա այդպես չէ), որ մարդը շարժվի լույսի արագությամբ, ապա խոսքը 299,792 կմ վայրկյանում արագության մասին է: Որևէ խնդիր չկա նրանում, երբ մարդը շարժվում է շատ արագ՝ կայուն արագությամբ: Մարդը կարող է և չզգալ մշտական արագությունը։
Սակայն նման արագությամբ ընթանալու համար նախ պետք է հասնել նման արագության և ամենամեծ խնդիրը կծագի հենց արագացման ժամանակ։ Արագացման չափազանց մեծ ուժը կարող է վնասել և նույնիսկ սպանել մարդուն: Բարձր արագացան դեպքում մարդու արյունը դժվարությամբ կհասնի դեպի վերջույթներ, Space.com-ին ասել է Լաս Վեգասի Նևադայի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Մայքլ Պրավիկան:
Մարդկանց մեծամասնությունը կարճ ժամանակ կարող է դիմանալ ձգողականությանը (4-6 գ) մոտ չորսից վեց անգամ գերազանցող արագացման ուժին: Ձգողականության ուժի մեծանալուն զուգահեռ սահմանափակվում է արյունը շրջանառելու՝ մարմնի կարողությունը: Արդյունքում արյունն սկսում է կուտակվել մարմնի մի հատվածում և մարդն ուշագնաց է լինում։ Իսկ եթե արագացման այդ ուժը չի վերանում կամ չի նվազում, ապա ի վերջո մարդը կմահանա, քանի որ օրգանիզմը չի ստանա իրեն անհրաժեշտ թթվածինը, որը մատակարարվում է արյան միջոցով։
Կործանիչ ինքնաթիռների օդաչուները, որոնք բախվում են արագացման ուժին, հատուկ վարժեցվում են, որպեսզի կարողանան խուսափել ուշագնաց լինելուց։ Օրինակ՝ լարում են վերջույթների մկանները, նաև նրանք օգտագործում են հատուկ հանդերձանք, որոնցով կարող են դիմանալ կարճ ժամանակ մինչև 9 գ ձգողության ուժին: Բայց եթե մարդն սկսի մի քանի վայրկյան ընթանալ լույսի արագությամբ, ինչպես «Աստղային պատերազմներ» ֆիլմերում, ապա դա երաշխավորված մահ է։
Եթե մարդը ցանկանա լույսի արագությանը հասնել ավելի ապահով կերպով, օրինակ՝ 2 գ ձգողականության ուժի պայմաններում, ապա դրա համար կպահանջվի ապա ավելի քան հինգ ամիս, ընդորում՝ դա այն դեպքում, եթե մարդը շարժվի ուղիղ գծով և չլինի օդի դիմադրություն: 1 գ-ի դեպքում, ազատ անկման արագացման դեպքում, դրա համար կպահանջի ավելի քան 11 ամիս: Ցավոք, այս գերբարձր արագության հասնելն անհնար է դառնում։ «Դուք չեք կարող ընթանալ լույսի արագությամբ, հաշվի առնելով, որ ունեք սահմանափակ զանգված»,- ասում է Լաս Վեգասի Նևադայի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Մայքլ Պրավիկան:
Էյնշտեյնի հարաբերականության հատուկ տեսությունը ցույց է տալիս, որ երբ զանգված ունեցող օբյեկտը մոտենում է լույսի արագությանը, դրա զանգվածն սկսում է աճել լույսի արագությանը մոտենալուն զուգահեռ: Եթե օբյեկտը կարողանար հասնել լույսի արագությանը, այն կդառնար անսահման զանգված և կպահանջեր անսահման էներգիա այդ արագությունը պահպանելու համար, նշել է Պրավիկան:
Այնուամենայնիվ, մարդիկ կարողացել են հասնել նրան, որ որոշ «առարկաներ» շատ արագ են ընթանում, եթե, օրինակ՝ ենթաատոմային մասնիկներն անվանենք «առարկաներ»: Մասնիկների արագացուցիչները կարող են էլեկտրոնների նման մասնիկներին ստիպել, որպեսզի դրանք ընթանան գրեթե լույսի արագությամբ, ասում է Պրավիկան: Բայց մեծ տարբերություն կա այդքան արագ շարժելու պարագայում էլեկտրոնի և մարդու միջև։ Մարդու դեպքում դա այնքան էներգիա կպահանջի, որ դա չափազանց անհավանական կլինի, նույնիսկ եթե չխախտվեին ֆիզիկայի օրենքները:
Ըստ նրա՝ եթե մարդը կարողանար շարժվել լույսի մոտ արագությամբ, ապա կկարողանար զգալ ժամանակի վրա հարաբերականության հետևանքները։ Այդ դեպքում ժամանակը մարդու համար ավելի դանդաղ կշարժվեր, քան այն մարդկանց համար, որոնք շարժվում են ամենօրյա արագությամբ։ Այդուհանդերձ ժամանակի փորձառությունը լույսի արագությամբ ընթացող մարդու համար չէր փոխվի:
Ըստ Պրավիկայի՝ ինչ-որ իմաստով մենք կարող էինք շարժվել լույսի արագությանը մոտ արագությամբ: Մեր մոլորակը և տիեզերքում ամեն ինչ անընդհատ շարժվում են․ Երկիրը պտտվում իր առանցի շուրջ և միաժամանակ պտտվում է Արեգակի շուրջ, և նույնիսկ մեր գալակտիկան է շարժման մեջ: Եթե մենք շատ մեծ արագությամբ հեռանայինք մեր գալակտիկայից, և գալակտիկան նույնպես հեռանար մեզանից, հնարավոր է, որ մենք շարժվեինք այդ գալակտիկայի համեմատ լույսի արագությամբ: Հնարավոր է, որ մենք արդեն շարժվում ենք նման արագությամբ։ «Դա հենց այն է, ինչ ցույց տվեց Էյնշտեյնը։ Ամեն ինչ հարաբերական է»,- ասել է Պրավիկան: