Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը կարող են պաշտպանել հաղորդակցության անվտանգությունն իրենց տարածքներում։ Այս մասին Անթալիայում կայացած Դիվանագիտական համաժողովում ասել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Հայաստանի անունից կարող եմ ասել, որ երկրի Ազգային անվտանգության ծառայության կազմում ունենք վերջերս ստեղծված ստորաբաժանում։ Այսպիսով, մենք ուժեղացրել ենք Հայաստանով անցնող հաղորդակցությունների անվտանգության հարցը։ Այս թեման նույնիսկ չարժե քննարկել»,- նշեց նա։
Ռուբինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանում «Զագեզուր» կոչվող տարածքային միավոր չկա, կա Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք և այլ քաղաքներ, և Հայաստանը երբեք չի համաձայնել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրել։
«Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Մենք ցանկանում ենք ապաշրջափակել հաղորդակցությունները՝ հիմնված ինքնիշխանության, օրենսդրության, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»,- ասաց նա։
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է «միջանցք» տրամադրելու անհրաժեշտության մասին՝ ասելով, որ Նախիջևանը իբր շրջափակման մեջ է, և Թուրքիայի օգնությունն այնտեղ կարևոր է։ «Ադրբեջանը ցանկանում է ավելի հեշտ մուտք գործել դեպի Նախիջևան: Մենք քննարկել ենք ԵՄ-ի ներսում տարբեր մոդելներ, այդ թվում՝ կալինինգրադյանը, այդ պարամետրերը կարող են օգտագործվել։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանը պետք է ապահովեր այդ մուտքը, հիմա հարցը Հայաստանի դաշտում է»,- ասել է Հաջիևը։
Ի պատասխան Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ Հայաստանն իր նախաձեռնությունն անվանել է «Խաղաղության խաչմերուկ», քանի որ խաղաղություն է ուզում։ Սակայն, ըստ նրա, Բաքուն շարունակում է օգտագործել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ը, իսկ Հայաստանը երբեք չի համաձայնել Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրել։