Մորգենշտերնի համերգը Երևանում չեղարկվել է

Մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող արտասովոր ու էքսցենտրիկ ռեփեր Մորգենշտերնի (իսկական անունը ՝ Ալիշեր Վալեև) մեծ համերգը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, չեղարկվել է։
Նշենք, որ համերգի անցկացման մասին հայտարարվեց վերջերս, ու մինչ կազմակերպիչները խոստանում էին «ամենաաղմկահարույց» համերգը, Facebook-ի հայ օգտատերերի զայրացած մեկնաբանություններ էին թողնում։
Շատերը մեկնաբանություններում ռեփերին սատանիստ են անվանում, որին չի կարելի երկիր թողնել։

Դժգոհող օգտատերերից մեկն էլ ՀՀ քաղաքացի, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ Աբգար Շադոյանն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Աբգարը տեղեկացրեց, որ հաղորդագրություն է գրել համերգի կազմակերպիչը Prime Production-ին, հայտնել իր դժգոհությունները, վերջիններս էլ պատասխանել են, որ համերգը չեղարկվել է։
Համերգի չեղարկման մասին տեղեկացրել են նաև Tomsarkgh.am–ից։
Հավելենք, որ չնայած դժգոհություններին, Tomsarkgh.am հարթակում ազատ տեղեր գրեթե չէին մնացել։ Տոմսերի արժեքը, ի դեպ, 6-ից 30 հազար դրամ էր։
Ավելի վաղ Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու և Այնթապի հոգևոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը գրել էր, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում այդ երգիչը ծաղրում և հայհոյում էր հայերին: «Եվ այս անձը պատրաստվում է մարտ ամսին Մարզահամերգային համալիրում մենահամերգի՝ համերգի, որի բառերի մեծամասնությունը հայհոյություն է և անպատվություն: Իսկ Հայաստանում սպառել ենք վերոնշյալ սատանիստի, Հայ Ազգ ծաղրողի գրեթե բոլոր տոմսերը և սրտատրոփ սպասում ենք հայհոյախառն «երգեր» լսելուն»,- գրել էր նա:
Ալիշեր Մորգենշտերնը 23-ամյա հայտնի ռուս ռեփեր է, որը հայտնի է դարձել իր արտառոց կերպարի ու էպատաժային արարքների շնորհիվ: Նրա ճակատին «666» է դաջված, ինչը խիստ նյարդայնացնում է մարդկանց։ Իր առաջին հոնորարներից մեկի մի մասը նա ցուցադրաբար այրել է տեսանյութում՝ առաջացնելով համացանցի օգտատերերի դժգոհությունը։

Spread the love