Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիում

ՌԴ նախագահական ընտրություններին Ռուսաստանի քաղաքացիների համար ընտրատեղամասեր էին գործում նաև Գյումրիում և Երևանում։ Ըստ հանձնաժողովների այսօր 11։30-ին ներկայացրած արդյունքների՝ Պուտինը պարտվել է Երևանում՝ հավաքելով քվեների 32,87 տոկոսը։ Այստեղ հաղթել է «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը՝ ստանալով քվեների 49,85 տոկոսը, իսկ Գյումրիում Պուտինն առաջատարն է՝ քվեների 58,14 տոկոսով։ Այս մասին գրում է azatutyun.am-ը:

Գյումրիում Կոմունիստական կուսակցությունից Նիկոլայ Խարիտոնովը ստացել է քվեների 2,20 տոկոսը կամ 29 ձայն, «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը՝ 30,66 տոկոսը, կամ 405 ձայն, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Լեոնիդ Սլուցկին՝ 2,42 տոկոսը կամ 32 ձայն, Իսկ Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 58,14 տոկոսը, կամ 768 ձայն։

Գյումրիում է գտնվում նաև ռուսական 102-րդ ռազմաբազան և միայն երեք ընտրատեղամաս հենց այս ռազմաբազայում էր գործում։

Երևանում Նիկոլայ Խարիտոնովը հավաքել է 1,82 տոկոս կամ 127 ձայն, Վլադիսլավ Դավանկովը՝ 49,85 տոկոս կամ 3 հազար 474 ձայն, Վլադիմիր Պուտինը՝ 32,87 տոկոս կամ 2 հազար 291 ձայն, Լեոնիդ Սլուցկին՝ 1,58 տոկոս, կամ 110 ձայն։

Հազարավոր քաղաքացիներ մասնակցել են «Կեսօրն առանց Պուտինի» ակցիային՝ միաժամանակ քվեարկության ներկայանալով ու երկար հերթեր առաջացնելով բացված ընտրատեղամասերի դիմաց:

Ընդհանուր առմամբ քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկով` Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով ձայների 87,3 տոկոսը։ Սա կլինի նրա հինգերորդ ժամկետը, որը կավարտվի 2030 թվականին։

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ մասնակցությունն ընտրություններին կազմել է 74,22 տոկոս։

Նախքան ընտրությունները վերլուծաբանները համոզմունք էին հայտնել, որ Պուտինը կհաղթի քվեների մեծ առավելությամբ։ Նա 2000 թվականից է ղեկավարում Ռուսաստանի Դաշնությունը:

Spread the love