ԵՄ առաքելությունը Հայաստանում լրտեսում է Ռուսաստանին, Իրանին եւ Ադրբեջանին. Զախարովա

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի դրական դինամիկան նկատվել է այն ժամանակ, երբ ակտիվ կերպով կատարվել են բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները, երբ իրականացվել են կանոնավոր շփումներ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ չկան այլ տեսական հնարավորություններ։ Սակայն հենց այդ ժամանակ է եղել դինամիկա՝ կապված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման եւ այն ձեւաչափերի հետ, որոնք թելադրվել են դրանցով։

Զախարովան նշել է, որ ավելի ուշ  տարածաշրջանի գործերին սկսեց միջամտել Արեւմուտքը, որը պարզապես ցանկանում էր իրենով անել օրակարգը։ «Նրանց հանգիստ չէր տալիս այն, որ իրավիճակը մտնում է խաղաղ հուն, որ կա միջազգային-իրավական չափում, որ երկրները պայմանավորվում են առանց որեւէ ագրեսիայի, չարացածության, չնայած շատ ծանր անցյալին, բայց խաղաղ ապագայի հստակ պլան ունենալով, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Դա նշանակում էր օրակարգի զավթում։ Հենց Արեւմուտքը Հայաստանին պարտադրեց Ղարաբաղի իր ձեւը՝ մոռանալով տեղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության պահպանման անհրաժեշտության մասին։ Դա հանգեցրեց տարածաշրջանում լրացուցիչ խնդրի ստեղծման»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ արեւմտյան վարչակարգերն են հարկադրում Երեւանին միակողմ որոշումներ կայացնել վիճելի տարածքային հարցերում երկու երկրների սահմանին, ինչպես նաեւ Հայաստանին դրդում են, որպեսզի փլուզեն դրական միտումները Բաքվի հետ շփումներում  եւ Մոսկվայի հետ հարաբերություններում։

«Մենք Երեւանի հետ ունեցել ենք հարաբերություններ, ունենք այդ հարաբերությունները, եւ ես անկեղծորեն համոզված եմ, որ այսուհետ էլ զարգանալու են դաշնակցային ուղիով»,- ասել է նա։

Զախարովան հայտնել է, որ ԵՄ առաքելությունը Հայաստանի տարածքում լրտեսում է Ռուսաստանին, Իրանին, Ադրբեջանին, ինչը փաստագրական հիմք ունի։ Նա չի բացառել, որ դա կարող է հանգեցնել անշրջելի հետեւանքների տարածաշրջանում։

Spread the love