Կրակոցներ` Վայոց ձորում. կասկածյալը Եղեգնաձորի նախկին քաղաքապետն է

Մարտի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության  Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաները տեղում  պարզել են, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Վարդուշ Ա․-ի  հետ  Հերմոն բնակավայրի իրենց առանձնատան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 60-ամյա Սիրեկան Բաբայանը  բռունցքով հարվածել է  նրա կրծքավանդակին`  պատճառելով ֆիզիկական ցավ, ապա  հայհոյանքներ է հնչեցրել, և 2 անգամ կրակոց է արձակել, որից մեկը անմիջապես ոտքերի տակ, որը Վարդուշ Ա․-ին վնաս չի պատճառել, սակայն վերջինս ոստիկաներին հայտնել է, որ այդ ամենի հետևանքով իր մոտ առաջացել է վախի և տագնապի զգացողություն:

Ոստիկանները Ս.Բաբայանին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ նա  հայտնել է, որ կրակոցը արձակել է իր անվամբ հաշվառված «ԻԺ» մոդելի մարտական ատրճանակից՝ նշված բնակավայրի Սիրանեսի փողոցում շների միջև տեղի ունեցող կռվին վերջ տալու նպատակով:  Ս. Բաբայանը ոստիկաններին է ներկայացրել նշված ատրճանակը։

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք Ս․ Բաբայանի և նշված ատրճանակի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով` Ս․ Բաբայանը Եղեգնաձորի նախկին քաղաքապետն է։

Spread the love