Վերահաստատում եմ իմ հրավերը Ձեզ՝ Հայաստան այցելելու առնչությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Հունաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական հույն ժողովրդին Հունաստանի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:

Մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամական կապերը վերջին տասնամյակներին վերաճել են փոխշահավետ միջպետական համագործակցության և շարունակում են ամրապնդվել՝ շնորհիվ ակտիվ քաղաքական երկխոսության:

Օգտվելով առիթից՝ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել շաբաթներ առաջ, Հունաստան այցելությանս ժամանակ, ջերմ հյուրընկալության, փոխըմբռնման, ինչպես նաև Հայաստանի համար նշանակալի հարցերում Հունաստանի աներկբա աջակցության համար:

Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Հունաստանի օժանդակությունը նաև ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հայկական կողմի նկրտումներին:

Լիահույս եմ, որ առաջիկայում ևս երկկողմ համագործակցության բոլոր մակարդակների առաջմղման, ինչպես նաև բազմակողմ, այդ թվում՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակներում փոխգործակցության խթանմանն ուղղված ջանքերն իրենց նպաստը կբերեն հայ և հույն ժողովուրդների անվտանգությանն ու բարօրությանը:

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ հրավերը Ձեզ՝ Հայաստան այցելելու առնչությամբ, որը կարող ենք իրականացնել այս տարի եռակողմ ձևաչափով՝ Ձեզ հարմար ժամանակահատվածում»։

Spread the love