Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպմանը մասնակցել են նաև պատգամավորների պալատի անդամներ և ՀՀ ԱԺ-ում Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի անդամ Տաթևիկ Գասպարյանը։
Արարատ Միրզոյանը և Մարտին Մենեմը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչպես նաև 21-րդ դարի զարգացումներին համահունչ ոլորտային համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը՝ ներառյալ տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։
Երկուստեք ընդգծվել է, որ միջպետական հարաբերությունները հիմնված են հայ և արգենտինացի ժողովուրդների միջև երկարամյա բարեկամական հարաբերությունների վրա, որոնց մեջ իր նշանակալի դերն ունի Արգենտինայի հայ համայնքը։ Անդրադարձ է կատարվել նաև ապակենտրոնացված համագործակցության նոր հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման գործում։ Հիշատակելով Արգենտինայի Սենատում և Պատգամավորների պալատում Հայաստանի հետ բարեկամության խմբերի անդամների Սենատում և Պատգամավորների պալատում Հայաստանի հետ բարեկամության խմբերի անդամների 2023 թ. այցը Հայաստան՝ Տաթևիկ Գասպարյանը շեշտել է խորհրդարանական կապերի շարունակական ակտիվացման հարցում մեծ հետաքրքրությունը՝ հիմնված նաև երկուստեք արժևորվող ժողովրդավարական արժեքների վրա։
Նախարար Միրզոյանն Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահին ու անդամներին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, որոնք արտացոլված են նաև բարձրագույն մակարդակով հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարությունների մեջ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա կյանքի կոչելու մասով:
Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից գործընկերներին հրավիրել է այցելել Հայաստան. «Դուք ընկերներ ունեք Հայաստանի Հանրապետությունում, և մենք ձեզ սպասում ենք այնտեղ»։