Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի

Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության կարիք է ունեցել, Ռուսաստանը տեղում չի եղել, եւ Արեւմուտքը, որը մեկ բլոկ չէ, այլ իրենից ներկայացնում է տարբեր կազմակերպություններ, բազմաթիվ նախաձեռնություններ, տարբեր երկրներ, այսօր օգնության է հասնում եւ դա դրական երեւույթ է: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից հնչող քննադատությանը, թե Արեւմուտքը փորձում է Կովկասում Հայաստանի ձեռքով Ռուսաստանին դուրս մղել:

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պնդմանը, թե Արեւմուտքը եւ Ֆրանսիան Հարավային Կովկաս բերում են անկայունություն, դեսպանն ասաց. «Վերջին տարիներին Ռուսաստանը, որ Հայաստանի պաշտոնական դաշնակիցն է, երկու երկրները ՀԱՊԿ-ի անդամ են, Հայաստանին օգնության չհասավ, երբ վերջինիս տարածքը երկու անգամ հարձակման ենթարկվեց  2021 եւ 2022 թվականներին ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող երկրի կողմից: Մինչդեռ 2023-ին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց ԼՂ-ում, Ռուսաստանը, որը հրադադարի երաշխավորն էր 2020-ից ի վեր, որն ուներ խաղաղապահ զորքեր տեղում՝ ԼՂ-ում, չմիջամտեց: Ռուս խաղաղապահներն իրենց զորանոցից դուրս եկան միայն ԼՂ փաստացի իշխանությունների ուժերը զինաթափելու ժամանակ, Բաքվի հետ հրադադար կնքելուց հետո: Այսպիսով, եթե մեկը չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է»:

Ինչ վերաբերում է Մոսկվայի պնդմանը, ըստ որի Արեւմուտքը, Ֆրանսիան Պրահայում այնպես արեցին, որ Հայաստանը հրաժարվի Արցախից, եւ Ռուսաստանն էլ ստիպված ընդունեց Արեւմուտքի ճնշմամբ ընդունված այդ որոշումը, Դըկոտինյին ասաց. «Լավ կլիներ, որ առաջին անգամ Ռուսաստանը ենթարկվեր Եվրոպայի կամ Արեւմուտքի կամքին: Զարմանալի է, որ եթե տիկին Զախարովան դա ասել է: Այն, ինչ տեղի է ունեցել հետեւյալն է՝ հրադադարի երաշխավոր Ռուսաստանը, երբ հրադադարի այդ պայմանագիրը խախտվել է Ադրբեջանի կողմից, երաշխավորի իրենց դերը չեն խաղացել: Փախստականները, որ լքեցին ԼՂ-ն, դա արեցին 9 ամիս տեւած շրջափակումից եւ դաժան ռազմական հարձակումից հետո: Եվրոպացիները չեն կազմակերպել այդ շրջափակումը, եվրոպացիները չեն իրագործել այդ դաժան ռազմական հարձակումը»:

Spread the love