Հայ երկրաբանների մի քանի սերունդ անուրանալի ավանդ է ունեցել․ Վարդան Ջհանյանի ուղերձը՝ Երկրաբանի օրվա առթիվ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրաբանի մասնագիտական տոնի առթիվ․ «Հարգարժան նախարար, ՀՀ կառավարության հարգելի ներկայացուցիչներ, հարգարժան ռեկտոր, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հարգելի ներկայացուցիչներ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հարգարժան նախագահ, գիտական հանրության հարգելի ներկայացուցիչներ Սիրելի երկրաբաններ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ այս կարևոր մասնագիտական օրվա կապակցությամբ: Անցյալում շատերիս երազած ուժեղ, զարգացած և անկախ Հայաստան ունենալու երազանքի իրականացումն ասոցացվել է օրնիբուն աշխատելու, այդ թվում նաև երկրաբանի ազնիվ ու քրտնաջան աշխատանքի հետ: Հայ երկրաբանների մի քանի սերունդներ իրենց անուրանալի ավանդն են ունեցել օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման ու Հայաստանի արդյունաբերության զարգացման դժվարին գործում, հայտնաբերել են խոշոր հանքավայրեր, որոնք մինչև այսօր հազարավոր ընտանիքների ապահովում են արժանապատիվ աշխատանքով և երկրի տնտեսության համար կայուն հիմք են հանդիսանում: Վստահ եմ, մեր երկրի տնտեսության զարգացմանն ու հզորացմանը միտված բազում ծրագրերի ամենաարագ ու արդյունավետ իրականացումները անմիջականորեն կապված են հանքարդյունաբերության և, հատկապես, «կանաչ տնտեսության» անցմամբ պայմանավորված կրիտիկական մետաղների աճող պահանջարկի հետ: Դրա համար մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է նվիրվածություն և համախմբած ամենօրյա աշխատանք, որի ներուժն ու պատրաստակամությունն այսօր մենք՝ բիզնեսի ներկայացուցիչներս տեսնում ենք ակադեմիական հանրության շրջանում։ Կրկին անգամ շնորհավորում եմ «Երկրաբանի օրվա» առթիվ և մաղթում եմ ծրագրերի իրականացում, նոր հաջողություններ, բեղմնավոր և արդյունավետ աշխատանք»։ ԵՊՀ-ում տեղի ունեցած՝ երկրաբաններին նվիրված միջոցառմանը ուղերձն ընթերցել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը։