Հայտնի «Արկոլադ» ընկերությունը նոր գործարան է կառուցում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՐԿՈԼԱԴ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսվում է օգտագործել նոր գործարանի արտադրական տարածքի և պահեստների կառուցման համար։ Ընկերությունը զբաղվում է շոկոլադի և շոկոլադապատ չրերի արտադրությամբ։ Արտադրությունն իրականացվում է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 105 մլն դրամի ներդրում, որից 58 մլն դրամը ներմուծվող ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արտադրական տարածքի և պահեստների նախապատրաստման, օդափոխման և հարդարման աշխատանքների իրականացման համար։

Ներկայումս առկա է 47 աշխատատեղ՝ 277 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 65-ի՝ 300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 58 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4 մլն դրամ:

Spread the love