Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան։ Օգտագործելով ամբողջ աշխարհում սուրճի բույսերի գեները՝ հետազոտողները ստեղծել են աշխարհի ամենահայտնի սորտի՝ Coffea arabica-ի տոհմածառը:
Նրանք հայտնաբերել են, որ տեսակը առաջացել է մոտ 600 000 տարի առաջ՝ երկու այլ տեսակի սուրճի բնական խաչաձեւման արդյունքում։ «Այլ կերպ ասած՝ առանց մարդկային որեւէ միջամտության»,-ասել է Բուֆալոյի համալսարանի կենսաբան Վիկտոր Ալբերտը, որին մեջբերում է NYP-ն:
Սուրճի այս վայրի բույսերը առաջացել են Եթովպիայում, բայց ենթադրվում է, որ դրանք առաջին անգամ բովվել եւ եփվել են սկսած 1400-ականներից՝ հիմնականում Եմենում: Ըստ լեգենդի՝ 1600-ականներին հնդիկ վանական Բաբա Բուդանը Եմենից մաքսանենգ ճանապարհով սուրճի յոթ հում հատիկներ է ներմուծել իր հայրենիք։
Արաբիկա սուրճը, որը գնահատվում է իր մեղմ եւ, համեմատաբար, քաղցր համով, ներկայումս կազմում է սուրճի համաշխարհային շուկայի 60-70%-ը: Մնացածը ռոբուստա է՝ ավելի թունդ ու դառը սուրճ։
«Ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե ինչպես է առաջացել արաբիկան, եւ տալիս է հուշումներ, որոնք կարող են օգնել պահպանել բերքը»,-ասում է Տեխասի A&M համալսարանի սուրճի հետազոտության եւ կրթության կենտրոնի խորհրդական Ֆաբիան Էչեւերիան:
Արաբիկայի անցյալն ու ներկան ուսումնասիրելը կարող է պատկերացում տալ, թե ինչպես առողջ վիճակում պահպանել սուրճի բույսերը: