Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի կարող ճշմարիտ համարել Իսրայելի և Իրանի հայտարարությունները՝ կապված իրանական տարածքի վրա իսրայելական վերջին հարվածների հետ։ Միաժամանակ, նա մեղադրել է ԱՄՆ-ին Իսրայելին աջակցելու մեջ՝ նշելով, որ Վաշինգտոնից այլ բան չէր սպասում։
«Ներկայումս Իսրայելն ու Իրանը տարբեր բաներ են ասում։ Չկա պատասխանատվություն, չկա բացատրություն: Ելնելով Իրանի հայտարարություններից՝ չի կարելի ասել, որ նա ճշմարտությունն է ասում։ Իսրայելի մասին ընդհանրապես անհնար է ասել »,- Ստամբուլում լրագրողներին ասել է թուրք առաջնորդը։
Նույնը, ըստ Էրդողանի, կարելի է ուղղել ԱՄՆ-ին. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մենք տեսնում ենք, որ Ամերիկան Իսրայելի կողմն է։ Մինչ բոլորն աջակցում են Պաղեստինին, ԱՄՆ-ն, դատելով վերջին հայտարարություններից, շարունակում է բռնել Իսրայելի կողմը։ Մենք այլ բան չէինք սպասում, և կրկին հնարավորություն ունեցանք դա ստուգելու»,- նշել է Էրդողանը։ Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ կոչ էր արել Իսրայելին և Իրանին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել նրանց միջև լարվածության՝ վերածվելով մշտական հակամարտության։ «Վերջին իրադարձությունների լույսի ներքո ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի անօրինական հարձակման հետևանքով առաջացած լարվածությունը մշտական կոնֆլիկտի վերածվելու վտանգի տակ է: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության ընդլայնմանը», – ասված է նախարարության հայտարարության մեջ X-ում: