Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Ղազախստանում նախատեսված բանակցությունների ժամկետը դեռ որոշված չէ, քանի որ Երևանը դեռևս չի արձագանքել այս առաջարկին։ Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի հետ Տնտեսության և համագործակցության արաբական ֆորումի երրորդ նստաշրջանի շրջանակում հայտնել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ալիբեկ Բակաևը։
Ղազախստանի փոխարտգործնախարարը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իր իրավասության տակ չեն, և հանդիպման օրը դեռ որոշված չէ, քանի որ ոչ բոլոր ապագա մասնակիցներն են պատասխան ստացել: «Որքան գիտեմ Հայաստանն իր համաձայնությունը դեռ չի տվել, բայց հուսով ենք՝ այս բանակցությունները կանցկացվեն»,- ընդգծել է Բակաևը։
Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Սմադիյարովն Աստանայում անցկացված ճեպազրույցում ավելի վաղ հաստատել էր, որ նման բանակցություններ իսկապես նախատեսվում են Ալմաթիում, և ղազախական կողմը կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ։ Միաժամանակ, ըստ նրա, ենթադրվում է, որ բանակցություններ կվարվեն բացառապես երկու կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա:
Ըստ Սմադիյարովի՝ պատահական չէր, որ Ղազախստանը Երևանին ու Բաքվին առաջարկեց հարթակ լինել այդ բանակցությունների համար. Ղազախստանի միջնորդական դերը ԼՂ հիմնախնդրի լուծման գործում հայտնի է դեռ անցյալ դարի 90-ականներից: