ԲԴԽ-ն ոտնահարել է դատավոր Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը. դատավորի փաստաբան

Բարձրագույն դատական խորհուրդը ոտնահարել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

«ԲԴԽ-ն ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել։ Խորհուրդն այդպիսով խախտել է դատավորի սահամանադրական իրավունքը, միջամտել դատավորի՝ արդարադատություն իրականացնելուն։ Սա դատավորի անկախության դեմ ուղղված քայլ է»,- նշեց նա։

Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։

Հայտնի է, որ գործով ամբաստանյալը դատական նիստին չի ներկայացել, պաշտպանյալը հայտնել է, որ նա հրաժարվում է ներկայանալ դատարան, դատավոր Բախշիյանն էլ ամբաստանյալին  կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել։

Արսեն Սարդարյանը պնդեց, որ դատավոր Բախշիյանը կայացրել է օրինաչափ դատական ակտ։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը նախօրեին թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել եւ ազատությունի զրկելու համաձայնություն տալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ:

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է  «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Դատավորների միությունը մտահոգություն էր հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության եւ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու եւ անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

Spread the love