ՀՀ ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի աշխատակազմի՝ երեկ երեկոյան Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման առնչությամբ տարածած հաղորդագրություններն ակնհայտ մոլորեցնում են հանրությանը և խախտում Հայաստանի անվտանգության համակարգը։ Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նաեւ նշել է. «Գործընթացը հակադրվում է ՀՀ Սահմանադրության ու միջազգային պարտավորությունների հիմքերին ու իրավունքի գերակայությանն առհասարակ։ Այն հակաժողովրդավարական է, քանի որ տեղի է ունենում առանց մարդկանց ու հատկապես` տեղի բնակիչների իրական մասնակցության ու նրանց կարծիքը հաշվի առնելու: Նախ, Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովը սահամանազատման որևէ գործառույթ չունի։
Հայաստանում որևէ օրենքով, Կառավարության որևէ որոշմամբ կամ իրավական որևէ այլ ակտով ամրագրված չէ հանձնաժողովի կամ դրա որևէ անդամի որևէ իրավասություն։
Ավելին, 2024թ. ապրիլի 19-ին ԱԳՆ-ն ինքն է հրապարակայնորեն նշել, որ մինչև 2024թ. հուլիսի 1-ը նոր պետք է «ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները»։
Այսինքն՝ մինչև հուլիսի 1-ը սահմանազատման նախագիծ անգամ չի լինելու։ Մյուս կողմից, ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ ներկայում Տավուշում սահմանների հետ կապված տեղի ունեցողը սահմանազատում է։ Նույնը ԱԳՆ-ն կրկնել է երեկ։
Դրան հակառակ, ՀՀ արդարադատության նախարարությունն ու ԱԺ կառավարող [ՔՊ] մի շարք պատգամավորներ պնդում են, որ Տավուշում տեղի ունեցողը նախնական սահմանազատում է՝ առանց պարզաբանելու, թե ինչ է դա նշանակում։
ՔՊ պատգամավորների [իրար հակասող ու խճճող] խոսքից հետևում է, որ Տավուշում սյուների տեղադրումից հետո է իրականացվելու սահմանազատում։ Մինչդեռ, հաշվի չի առնվում, որ սյուների տեղադրումը ազդարարում է սահմանի որոշման ավարտը, այլ ոչ թե սահմանազատումից առաջ սահմանի որոշման սկզբնական փուլ։
ՀՀ ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները անտեսում են Տավուշի Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար և այլ գյուղերի բնակիչների ու առհասարակ երկրի անվտանգությունը, ինչպես նաև մարդկանց կենսական իրավունքներն ու կարիքները։ Չի կարող խաթարել անգամ մարդկանց բնական միջավայրը:
Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ այս լուծումների արդյունքում, օրինակ, Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները։
Մոտ 15 տուն հայտնվում է ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո և անմիջապես սահմանին։ Ադրբեջանական թիրախի ներքո է հայտնվում Աճարկուտ գյուղը և այլն:
Կառավարության ղեկավարի աշխատակազմի երեկվա հայտարարությունը մոլորեցնող է այն առումով, որ տպավորություն է ստեղծում, թե ադրբեջանականից ՀՀ վերահսկողությանն է անցնում 25 հեկտար հողատարածք: Մինչդեռ, մեր պարզած ճշգրիտ տվյալներով՝ այդ հողատարածքն ի սկզբանե գտնվել է Հայաստանի վերահսկողության ներքո. այն պարզապես եղել է ականապատ տարածք։
Ուստի, ևս մեկ անգամ վճռականորեն արձանագրում եմ, որ տեղի ունեցողը խաթարում է մարդկանց ու ամբողջ երկրի անվտանգության համակարգը, չի ապահովում Տավուշի գյուղերում մարդկանց անվտանգ կյանքը և, իհարկե, հակադրվում է Հայաստանի պետականության ու ժողովրդի շահերին։