Էդուարդ Գևորգյանը Երևանի Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան է, սովորում է 10-րդ դասարանում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարանում: Առաջին քայլերը կատարել է նույն դպրոցում, երբ դեռևս 5 տարեկան էր: Մանկուց սիրել է լսել դասական երաժշտություն, ունեցել է ընդգշված սեր դեպի արվեստը: Հինգ տարեկանում ընդունվել է Երևանի Չայկովսկու անվ. երաժշտական դպրոց՝ ՀՀ վաստակավոր ուսուցիչ Էլզա Թանդիլյանի դասարան: 10 տարեկան էր, երբ առաջին անգամ մասնակցեց միջազգային մրցույթի Փարիզում և արժանացավ 2-րդ մրցանակի: Դա դարձավ նրա համար շրջադարձային՝ իր երաժշտական մասնագիտական ուղու ընտրության հարցում: Հետագայում մասնակցեց մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների, դարձավ առաջին, երկրորդ, երրորդ մրցանակակիր հեղինակավոր այնպիսի առցանց և առկա մրցույթներում, ինչպիսիք են Marbella International Piano Competition /Spain/, Verona International Junior Competition /Italy/, /Piano Talents /Italy/, MozArte International Piano Competition/ Aachen, Germany/ և այլն: Երկու տարի շարունակ՝ 2023 և 2024 թվականներին պատիվ է ունեցել ներկայացնելու Հայաստանը Շոպենի միջազգային պատանեկան մրցույթին, որը տեղի է ունենում Շոպենի ամառանոցում՝ Ժաֆառնիայում /Լեհաստան/: Նշենք, որ ամեն տարի այդ մրցույթի առաջին առցանց փուլին դիմում է ներկայացնում մոտ 100 հոգի աշխարհի տարբեր երկրներից, իսկ երկրորդ փուլ է անցնում միայն 50-ը: Էդուարդ Գևորգյանը 2023թ. արժանացել է գերազանցության դիպլոմի և հատուկ մրցանակի: 2021թ.-ից ի վեր Է. Գևորգյանը հանդիսանում է ՛՛Երաժշտություն հանուն ապագայի՛՛ հիմնադրամի կրթաթոշակակիր: Հիմնադրամի ջանքերի և աջակցութան շնորհիվ Էդուարդը հնարավորություն է ունեցել մասնակցելու բազմաթիվ վարպետության դասերի հանրաճանաչ դաշնակահարների և պրոֆեսորների հետ, ինչպիսիք են Պավել Գիլիլովը, Վլադիմիր Օվչեննիկովը, Վալենտինա Լիսիցան, Ֆրեդդի Կեմպֆը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Վանեսսա Բենելլին, Ջուլիանո Մացոկանտեն, Ժոզեֆ Մորիս-Վեդերը, Գլորիա Կամպաները, Հայկ Մելիքյանը և այլոք: Էդուարդ Գևորգյանը երազում է դառնալ պրոֆեսիոնալ դաշնակահար, կրթությունը ստանալ Գերմանիայում կամ Ավստրիայում, ելույթներ ունենալ աշխարհի մեծ բեմերում: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հունիսի 17-ին կայանալիք մենահամերգը կամփոփի բովանդակալից աշխատանքային տարին և սկիզբ կհանդիսանա նոր նպատակների և երազանքների ճանապարհին: Հրավիրում ենք բոլոր երաժշտասերներին վայելելու դաշնամուրային երեկոն պատանի դաշնակահար Էդուարդ Գևորգյանի կատարմամբ: Ծրագրում հնչելու են Բեթհովենի, Շոպենի, Լիստի, Դեբյուսիի ստեղծագործությունները: