Եվրամիության ութ երկրների արտաքին գործերի նախարարները պահանջել են եվրոպական երկրներում ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակումներ մտցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակում։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը՝ հղում կատարելով այն նամակին, որն ուղարկվել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։
«Մենք կարծում ենք, որ ԵՄ-ը պետք է խստորեն սահմանափակի ռուսական դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքների անդամների տեղաշարժը միայն հավատարմագրման պետության տարածքով»,- նշվել է նամակում։ Պարբերականի տեղեկացմամբ՝ այսպիսի պահանջով հանդես են եկել Դանիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Ռումինիայի, Չեխիայի եւ Էստոնիայի ԱԳ ղեկավարները։