Իրազեկման նոր աշխատանքներ արցախցիների մասնակցությամբ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը  ֆեսբուքյան իր   էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է ՝«Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշումը՝ Կոտայքի մարզպետի աշխատակազմում իմ որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը Կոտայքի մարզում բնակվող մեր հայրենակիցներին ներկայացնելու և ընթացակարգային հարցերին պարզաբանումներ տալու նպատակով:
 Աշխատանքային խումբն իրազեկման աշխատանքներ է իրականացրել Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան խոշորացված համայնքներում:
  Հերթական իրազեկման այցով աշխատանքային խմբի հետ և Նաիրի խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի ու Նոր Հաճըն խոշորացված համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի հետ այցելել ենք Նաիրի համայնք, արվեստի դպրոցում հանդիպել նշված համայնքներում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, ներկարացրել կառավարության ծրագիրը:
Ծրագրի շահառու դառնալու առաջին և գլխավոր նախապայմանը ՀՀ քաղաքացիությունն է։
Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ առաջին հերթին հորդորել եմ ստանալ քաղաքացիություն՝ ընթացակարգային խնդիրներից զերծ մնալու համար:
 ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների համար պետք է մոտենալ Երևանում՝ Դավթաշեն 4-րդ թաղամաս 17/10, իսկ մարզերում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ նախկին անձնագրային ստորաբաժանումներ:
Բավականին ջերմ մթնոլորտում է կայացել մեր հանդիպումը:
 Ներկաների կողմից բարձրաձայնված բազմաթիվ մտահոգիչ հարցերի տեղում տրվել են սպառիչ պատասխաններ, առավել խորքային հարցերը գույքագրվել են մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների մասնագետների կողմից՝ դրանք ուսումնասիրելու և լուծումներ գտնելու նպատակով:
 Ինչպես հանդիպման ընթացքում եմ հավաստիացրել, ևս մեկ անգամ ընդգծում եմ, որ Կոտայքի մարզպետի աշխատակազմը և անձամբ ես 24 ժամ հասանելի ենք ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին ու անում ենք առավելագույնը աջակցելու ու իրենց կողքին լինելու համար:
ՀՀ կառավարության մոտեցումն այս հարցում աներկբա է:
 Հանդիպումները պարբերական բնույթ են կրում, որոնց մասին մարզի համայնքների կողմից իրազեկում կլինի» :
Լրատվություն
Spread the love