Հիմնական զեկուցող Արամ Վարդեւանյանի խոսքով՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ: «Տուգանային միավորների համակարգի ներդրումից հետո՝ միայն 2021 թվականին, 170 հազարից ավելի որոշում է կայացվել, 5000-ին հասնող վարորդական իրավունքի կասեցում է իրականացվել», -ասել է նա՝ հավելելով, որ ըստ վիճակագրական տվյալների, տուգանային միավորների կամ բալային համակարգի ներդրումը որեւէ կերպ չի փոխել ճանապարհատրանսպորտային պատահարների պատկերը, չեն նվազել ՃՏՊ-ներով պայմանավորված մահվան դեպքերը: Հետեւաբար՝ նույն արարքի համար նախատեսված պատժի համակարգը պետք է վերացվի:
Առաջարկին հանձնաժողովի անդամներից շատերը դեմ էին՝ համարելով, որ քաղաքացին կրկնակի պատասխանատվության չի ենթարկվում: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ բալային համակարգը պատասխանատվության լուրջ զսպաշապիկ է վարորդների համար, հետեւաբար այն պետք է մնա:
Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը նշել է, որ բալային համակարգ կիրառվում է 21 երկրներում, եւ այն չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, ինչպես կարծում է նախաձեռնության հեղինակը:Ըստ նրա՝ այս համակարգի դեմ բողոքում են այն վարորդները, որոնք 100 հազարներով տուգանք վճարելու խնդիր չունեն: Խնդիրն այն է, որ վտանգի տակ է դրվում նրանց վարորդական իրավունքը: «Այս օրենքի թիրախում հայտնվում են այն մարդիկ, որոնք պարբերաբար իրավախախտումներ են կատարում»,- ընդգծել է պատգամավորը:
ՃՏՊ-ների հետեւանքով մահվան դեպքերի չնվազելն էլ կապված է նաեւ հետիոտների հետ, քանի որ նրանցից շատերը փողոցը հատում են անթույլատրելի տեղերում:
ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը նշել է, որ տուգանային միավորը կարող է լինել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ, եւ տուգանքի հետ համակցվելով՝ կարող է դառնալ լրացուցիչ:
Նա իր հերթին ներկայացրել է վիճակագրական որոշ տվյալներ, ըստ որոնց բալային համակարգը դրական ազդեցություն ունի ՃՏՊ-ների նվազեցման հարցում:
Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին: