Երևանի քաղաքապետարանի այսօրվա՝ հուլիսի 22-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալին, որը կկատարի վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները:
«Սուրեն Վարոսյանը նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները կատարող։ Շնորհավորում եմ, պարոն Վարոսյանը»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում ՀՀ քննչական կոմիտեն ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ քննչական գործողություններ էր կատարել։
Իրականացված քննչական գործողությունների շրջանակում ձերբակալված անձանց թվում էին վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, նրա տեղակալները և այլ պաշտոնյաներ:
Դատարանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ կիրառել։ Վերջինիս տեղակալները կալանավորվել են։