Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ Երեւանի հետ խաղաղ պայմանագիր չի ստորագրվի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, ավելի ճիշտ՝ առանց Անկախության հռչակագրի հիշատակումը Հիմնական օրենքից հանելու։ «Այս փաստաթուղթը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ», – «Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Ավելին, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան պնդել է, որ դա այս պահին խաղաղ գործընթացի միակ խոչընդոտն է. «Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անհնարին կդարձնի ցանկացած վերադարձ դեպի ռեւանշիզմ կամ ապագայում Ադրբեջանի դեմ որևէ տարածքային պահանջատիրության, ինչի ականատես եղանք։ Մեզ համար անընդունելի է, որ Հայաստանը խաղաղ բանակցությունները և պայմանագրի վերջնական ստորագրումը դիտարկում է որպես ժամանակ ձգձգելու մարտավարություն՝ իր ռազմական ներուժն ուժեղացնելու և այս պատմությունը նորովի սկսելու համար»,- ասել է նա։
Հարցազրույցից օրեր առաջ Ամիրբեկովը մեկնել է Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի հետ, որը վերջին ամիսներին բազմիցս հորդորել է կողմերին վերջնական համաձայնության գալ խաղաղության պայմանագրի շուրջ։ Չնայած ամերիկյան կողմի կոչերին, ինչպես նաև վերջին դեմ առ դեմ հանդիպմանը, Բաքուն անդրդվելի է մնացել։
«Կա լայնորեն տարածված կարծիք, որ կարևոր է հնարավորինս շուտ ավարտել խաղաղության բանակցությունները և, հնարավոր է, նոյեմբերին ստորագրվի պայմանագրի նախագիծը որպես COP 29-ի մաս: Բայց մենք կարծում ենք, որ դա իմաստ չի ունենա առանց հաշվի առնելու Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Ավելին, կարծում եմ, սա կարող է հակաարդյունավետ լինել, քանի որ եթե համաձայնագրի նախագիծը հապճեպ ստորագրվի, եթե իրավական խոչընդոտները մնան, ապա դրանք կարող են թույլ տալ Հայաստանին վերակենդանացնել իր տարածքային պահանջները ապագայում, երբ տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոխվի իրենց օգտին»,- ասել է Ամիրբեկովը։
Բաքուն մի քանի անգամ ընդգծել է, որ խնդրահարույց է համարում Հայաստանի Սահմանադրության նախաբանի հղումը Անկախության հռչակագրին, որտեղ նշվում է Արցախի և Հայաստանի վերամիավորումը։
Երեւանը չի ընդունում այս մտահոգությունը։ Երկու ամիս առաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց. նախ խաղաղության պայմանագրի նախագիծը դրույթ է պարունակում, որ կողմերը տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ։ Բացի այդ, նրանք նաև պայմանավորվել են ֆիքսել, որ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրությունը՝ որպես խաղաղության համաձայնագրի համաձայն ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառ:
«Եթե մենք գործող Սահմանադրությունը թողնենք անփոփոխ կամ անտեսենք, դա նշանակում է, որ եթե անգամ խաղաղության պայմանագիր կնքենք, միգուցե նոր կառավարություն գա ու չեղարկի այն, քանի որ այս փաստաթուղթը տեխնիկապես հակասում է Հայաստանի գործող Սահմանադրությանը։ Հայաստանի Սահմանադրական դատարանը կարող է նաև ասել, որ խաղաղ պայմանագիրն անօրինական է, քանի որ այլ դրույթներ ամրագրված են Հիմնական օրենքում»,- նշել է Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը։
Երեւանը մի քանի ամիս շարունակ պնդում է, որ Սահմանադրությունը փոխելը Հայաստանի ներքին խնդիրն է։ Միաժամանակ, վարչապետ Փաշինյանը այս տարեսկզբին ասել էր, որ երկրին անհրաժեշտ է բոլորովին նոր Սահմանադրություն, իսկ երկու ամիս առաջ հանձնարարել էր մինչև 2026 թվականի վերջ մշակել և հաստատել նոր Սահմանադրության նախագիծ։ Ամիրբեկովի խոսքով, Փաշինյանն այս հարցը քննարկել է նաեւ իրենց հետ։
«Հիմա նա ուզում է փաստարկ առաջ քաշել, որ սա քաղաքական տեսանկյունից շատ բարդ գործընթաց է, որ Սահմանադրության նախագիծը կարող է պատրաստ լինել միայն 2027 թվականին։ Շատ լավ, սա էլ տարբերակ է, բայց արտաքին աշխարհը պատրա՞ստ է այսքան սպասել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Որովհետև ակնհայտ է, որ մենք պետք չէ շտապել և ստորագրել մի փաստաթուղթ, որը կարող է չեղյալ համարվել նոր կառավարության կողմից»,- ասել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան։