ԱՄՆ-ը և Եվրամիությունը դեռևս 2022 թվականի մարտին արգելել են թղթե դոլարների և եվրոների արտահանումը Ռուսաստան, սակայն Ռուսաստանը շարունակում է ներկրել դրանք, թեև ավելի փոքր ծավալներով, նշում է Reuters գործակալությունն իր ուսումնասիրության մեջ։ Կանխիկ գումարը դեռևս ավելի հեշտ է օգտագործել որոշ առևտրային գործարքների համար, նշում են հեղինակները։
Reuters-ի մաքսային տվյալներով՝ 2022 թվականի մարտից Ռուսաստան է ուղարկվել մոտ 2,3 միլիարդ ԱՄՆ դոլար և եվրո։
Այս հաշվարկները, որոնք նախկինում ոչ մի տեղ չեն հայտնվել, վկայում են, որ Ռուսաստանին հաջողվել է շրջանցել կանխիկ փողի ներմուծումն արգելափակող պատժամիջոցները, համարում է Reuters-ը։
Ռուսաստանցիների համար դոլարը և եվրոն կարևոր են գնումների և ճանապարհորդությունների համար, նույնիսկ այն դեպքում, երբ Մոսկվան ձգտում է նվազեցնել իր կախվածությունը կայուն արժույթներից, հայտնում է BBC-ն:
Առևտրային ընկերությունից ստացված մաքսային տվյալները վկայում են, որ կանխիկ դրամը Ռուսաստան է մտնում Արաբական Միացյալ Էմիրություններից և Թուրքիայից, որոնք առևտրի վրա Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներ չեն մտցրել։ Դեկտեմբերին ԱՄՆ կառավարությունը սպառնացել էր տուգանքներ կիրառել Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցել օգնող ֆինանսական հաստատությունների նկատմամբ։