Մայրերի մոտ ավելանում է ուղեղի գորշ նյութի խտությունը. SciRep

Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է դրական փոփոխություններ, որոնք տեղի են ունենում կանանց ուղեղում հղիությունից հետո։ Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports (SciRep) գիտական ամսագրում։

Մասնագետները կենտրոնացել են 45-82 տարեկան  19 հազար կանանց եւ 17,6 հազար տղամարդկանց ընտրանքի վրա։ Մասնակիցները սքանավորվել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ։ Դա թույլ է տվել թիմին չափել ուղեղի տարբեր մասերի գորշ նյութի խտությունը։

Հետազոտողները համեմատել են մայրերին եւ մայր չդարձած կանանց, ինչպես նաեւ հայրերին եւ հայր չդարձած տղամարդկանց։ Երաշխավորելու համար, որ արդյունքները չեն խեղաթյուրվի ուղեղի տարիքային փոփոխություններով, հետազոտողներն ընտրել են մասնակիցներին յուրաքանչյուր խմբում ըստ տարիքի։

Թիմը հայտնաբերել է ուղեղի կառուցվածքի էական տարբերություններ մայրացած եւ երեխաներ չունեցող կանանց միջեւ, ընդ որում՝ մայրերի մոտ նկատվել է գորշ նյութի ավելի բարձր խտություն ուղեղի մի քանի մասերում։

Այդ մասերը ներառում են ճակատի եւ ծոծրակի բաժինները, որոնք մասնակցում են կոգնիտիվ ֆունկցիաներին, ինչպիսին են պլանավորումը եւ որոշումների կայացումը, ինչպես նաեւ վիզուալ մշակումը։

Մայրերի մոտ գորշ նյութի խտացման ավելացումը բաշխվել է ինչպես ըստ ուղեղի արտաքին շերտի (մասնակցում է բարդ մտածողական պրոցեսներին), այնպես էլ դրա տակ գտնվող մասերի (ուղեղի ավելի խոր հատվածները, որոնք դեր են խաղում հույզերի եւ հիշողության հարցերում։)

Փոփոխությունները ենթադրում են, որ մայրությունը կարող է ուղեղի լայնածավալ վերակառուցման հանգեցնել, որը պահպանվում է երկար ժամանակ։

Միեւնույն ժամանակ, հետազոտողները գորշ նյութի խտության էական տարբերություններ չեն հայտնաբերել  հայրերի եւ երեխա չունեցող տղամարդկանց միջեւ։

Գիտնականները կարծում են, որ երեխաների ծնվելը կարող է կանանց գորշ նյութի կորստից (որը գալիս է տարիքի հետ) երկարատեւ պաշտպանություն ապահովել։

 

Spread the love