Կարեւորվել է Հայաստանի մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին

««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասինե համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը փետրվարի 7-ին քննարկվել է  ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 12-ին Բրյուսելում: Հայաստանի մասնակցությունը ծրագրին կնպաստի գիտական կազմակերպություններում եւ բուհերում գործող գիտական  խմբերի՝ համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի ներկայացմամբ՝ համաձայնագրի վավերացումը կապահովի Հայաստանի Հանրապետության գիտական համակարգի Եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրվելու գործընթացի շարունակականությունը: Ըստ նրա՝ վերջինս բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Գիտություն» բաժնի «Մրցունակ գիտական գործունեության համար նպաստավոր ենթակառուցվածքների զարգացում» ուղղությամբ նախատեսված՝ Եվրոպական շրջանակային ծրագրերին ասոցացման եւ այդ ծրագրերում Հայաստանի ակտիվ մասնակցության խթանման ուղղությամբ նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելու անհրաժեշտությունից: Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ 2021 թվականին վերաբացվել է «Գիտական եւ նորարական գործընկերությանն աջակցման կենտրոնը», որի նպատակն է տրամադրել տեղեկատվություն եւ խորհրդատվություններ՝ շահառուների մասնակցությունը ծրագրին դյուրացնելու համար: Բանախոսը ներկայացրել է պարզաբանումներ ծրագրին մասնակցության համար ներկայացված չափանիշների, ինչպես նաեւ նախատեսվող ֆինանսական հատկացումների վերաբերյալ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Նիստում քննարկվել են նաեւ արտախորհրդարանական շահագրգիռ ուժերի հետ ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերը:

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը նշել է, որ իրենց նպատակն է ներգրավվել եւ աջակցել հանձնաժողովի աշխատանքներին: Կուսակցությունը գործնական հարաբերություններ ունի եվրոպական մի շարք կուսակցությունների, այդ թվում «Renew Europe» վերկուսակցական խմբի հետ: Տիգրան Խզմալյանը ներկայացրել է այդ կուսակցությունների հետ իրենց համագործակցության փորձը, անդրադարձել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման տեսլականին: Նա  տեղեկացրել է, որ փետրվարի 8-ին «Renew Europe»-ի ներկայացուցիչների հետ օնլայն հանդիպմանը քննարկվելու են ԵՄ-Ադրբեջան համաձայնագրին առնչվող հարցեր:

«Մենք պահանջելու ենք, որ ԵՄ-ի եւ ԵԽ-ի որեւէ ատյանի ու Ադրբեջանի միջեւ որեւէ քաղաքական, տնտեսական, դիվանագիտական եւ մշակութային պայմանագիր չքննարկվի եւ չընդունվի, քանի դեռ չեն վերադարձվել հայ ռազմագերիները»: Նա առաջարկել է այս հարցում հանձնաժողովի հետ համաձայնեցված կարծիք ներկայացնել, ինչին հանձնաժողովը դեմ չի եղել: 

Spread the love