Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման օրն ու վայրն արդեն հայտնի են՝ փետրվարի 24, Վիեննա։ Մոսկվայում հունվարի 14-ին առաջին հանդիպումից մեկ ամիս անց երկրորդ հանդիպման անցկացումը գոնե այս պահին գործընթացի դինամիկության մասին է վկայում։ Թեեւ որեւէ պետություն պաշտոնապես հայ-թուրքական բանակցություններում միջնորդի դեր չի ստանձնել, բայց Մոսկվայում Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ հանդիպում էր ունեցել ՌԴ փոխարտգործնախարարը, իսկ ՌԴ մայրաքաղաքում` ԱԳՆ ընդունելությունների տանը բանակցությունների մեկնարկն իր հերթին խորհրդանշական է եւ ընդգծում է Մոսկվայի կարեւոր դերակատարումն այդ թվում Երեւան-Անկարա շփումներում։ Վիեննան ԵԱՀԿ մայրաքաղաքն է՝ այդտեղ է գտնվում կազմակերպության կենտրոնակայանը, եւ հենց այստեղ հաջորդ հանդիպման կազմակերպումը եւս տրամաբանական է։ Միացյալ Նահանգները հայ-թուրքական նոր գործընթացի պաշտոնական մեկնարկի առաջին օրվանից բավական ակտիվ է արձագանքել՝ ողջունելով այն, պետքարտուղար Բլինկենն ու Բայդենի խորհրդական Սալիվանը մեկ անգամ չէ, որ իրենց թուրք պաշտոնակիցների հետ քննարկել են ընթացող բանակցությունների հարցը, շփումներ են եղել նաեւ ՀՀ ներկայացուցիչների հետ․ Սալիվանն ու Էրդողանի խորհրդական Քալընը, բացի Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակը, նաեւ հայ-թուրքական կարգավորմանն ուղղված ջանքերն են քննարկել փետրվարի 1-ին կայացած հեռախոսազրույցում։ Հետեւաբար, հավանական է, որ հատուկ ներկայացուցիչների այլ հանդիպումներ կկայանան ոչ միայն հենց Հայաստանում եւ Թուրքիայում, այլ նաեւ Վաշինգտոնի հովանու ներքո։ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հունվարի 27-ին NEWS.am-ին հայտնել էր, որ Եվրամիությունը լիովին աջակցում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, եւ որ «պատրաստ է իր ներդրումն ունենալ հետագա ցանկացած դրական զարգացման մեջ, եթե կողմերը համապատասխան հետաքրքրվածություն ցուցաբերեն»։ Երեւանն ու Անկարան հետաքրքրվածություն կցուցաբերեն նաեւ ԵՄ հարթակն օգտագործելու հարցում, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, բայց դրա հնարավորությունը եւս չպետք է բացառել։ Այնպես որ, հայ-թուրքական բանակցությունները միջնորդական մրցակցության տրամաբանության մեջ չեն տեղավորվում, եւ հարաբերությունների կարգավորմամբ շահագրգռված արտաքին ուժերը՝ ամեն մեկն իր չափով, նպաստելու են, որպեսզի գործընթացն առաջ գնա։ Տարանցիկ չիրացված հնարավորություններով Հարավային Կովկասում սահմանների բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը դժվար թե որեւէ մեկը դեմ լինի, առավել եւս, եթե Հայաստանն ու Թուրքիան փոխադարձ համաձայնությամբ մոտ 12 տարի անց նորից բանակցություններ են սկսել։ Ի վերջո, հայ-թուրքական երկխոսությունը տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ ռիսկերի նվազեցման ուղիներից մեկն է համարվում արտաքին ուժերի համար՝ հատկապես 2020թ․ պատերազմից հետո։ Արտաքին ուժերի համար սկզբունքային չէ, թե կողմերն ինչ կպայմանավորվեն զուտ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերում՝ ով ում ինչ կզիջի կամ ինչ կստանա, կարեւորը վերջնական արդյունքն է։
Ինչո՞վ են արտաքին ուժերը հետաքրքրված նոր գործընթացում
Ռուսաստանի համար հայ-թուրքական գործընթացն առաջին հերթին հենց այս իմաստով է կարեւոր։ Երբ Հայաստանն անընդհատ դիմում է Մոսկվային՝ Ադրբեջանին զսպելու եւ իր տարածքը պաշտպանելու համար, երբ պարբերաբար դիմում է ՀԱՊԿ-ին, իսկ այդ դեպքում կառույցի գործառույթն իր վրա ստիպված է նորից Ռուսաստանը վերցնել, իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողություններն առավել քան երբեւէ համահունչ են, հայ-թուրքական գործընթացը լարվածությունը թուլացնելու եւ «գլխացավանքից» ազատվելու հնարավորություններ է ստեղծում Մոսկվայի համար։ Պարզ է նաեւ, որ բոլոր արտաքին ուժերն էլ, գործընթացին կողմ լինելով, միեւնույն ժամանակ իրենց պատկերացումներն ունեն։ Ռուսաստանի համար, իհարկե, կարեւոր է, որ հայ-թուրքական բանակցություններն ու հարաբերությունների հնարավոր հաստատումը կանխատեսելի հունով ընթանան, եւ այդ իմաստով էական է, որ նախքան բանակցությունների մեկնարկը Հայաստանը միջնորդության համար պաշտոնապես դիմեց Ռուսաստանին, իսկ առաջին հանդիպումը կայացավ Մոսկվայում։ Այն թեզը, որ հարաբերությունների կարգավորման դեպքում Ռուսաստանի՝ Հայաստանում ունեցած ազդեցությունը կարող է տուժել, այս պահին իրատեսական չի թվում, որովհետեւ այդ ազդեցությունը պատերազմից հետո շատ ավելի է մեծացել՝ հատկապես անվտանգային ոլորտում, իսկ այն ռիսկերը, որոնց մասին շատ է խոսվում Հայաստանում, Մոսկվայում, բնականաբար, հաշվարկվում են, եւ հենց այս իմաստով պետք է հասկանալ Ռուսաստանի համար բանակցությունների կանխատեսելի լինելու անհրաժեշտությունը։ Պետք է նաեւ հաշվի առնել Ռուսաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների դերը՝ կողմերը, չնայած մի շարք հարցերում սուր հակասություններին, կարողանում են նաեւ համագործակցել, եւ հայ-թուրքական գործընթացին վերաբերող հարցերը քննարկվում են նաեւ երկկողմ ձեւաչափում։ Հունվարի 6-ին Չավուշօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցում Լավրոնը նաեւ աջակցություն էր հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Բացի այդ, 3+3/3+2 ձեւաչափի մեկնարկը պաշտոնապես տրվել է նախորդ տարվա դեկտեմբերին Մոսկվայում կայացած առաջին հանդիպմամբ։ Ի՞նչ ապագա կունենա այս ձեւաչափը, որին Վրաստանը չի մասնկացում՝ արդյո՞ք այս մակարդակում կկայացվեն որոշումներ, թե՞ այն կդառնա թղթի վրա գոյություն անեցող, բայց իրականության մեջ չգործող ձեւաչափ՝ բարդ է դեռեւս ասել։ Համենայն դեպս, սա մի հարթակ է, որին Իրանից եւ Ադրբեջանից բացի մասնակցում են Ռուսաստանը, Հայաստանը եւ Թուրքիան, ընդ որում՝ Հայաստանի միանալու հարցում Ռուսաստանի մասնակցությունը դեր խաղացել է՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացվածության պայմաններում Ռուսաստանի առկայությունը դիտարկում է որպես բալանսավորող գործոն։
Միացյալ Նահանգների ակտիվ արձագանքը սկսված բանակցություններին եւս հասկանալի է, այդպես է եղել նաեւ նախորդ փորձերի ժամանակ։ 2019թ. Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունումից եւ 2021թ․ նախագահ Բայդենի կողմից ճանաչումից հետո, իհարկե, հայկական եւ թուրքական լոբբիստական կազմակերպությունների աշխատանքը փոփոխությունն կրելու է, բայց Հայաստան-Թուրքիա բանակցությունների եւ հարաբերությունների հաստատման դեպքում Միացյալ Նահանգները ավելի քիչ է ստիպված լինելու խառնվել հայ-թուրքական հարցերին՝ հղում անելով նրան, որ Հայաստանն ու Թուրքիան բանակցում են/ունեն հարաբերություններ եւ կարող են ինքնուրույն քննարկել սեփական խնդիրները։ Հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ հայկական մեծ համայնքի համար կարեւոր է եղել, թե Հայոց ցեղասպանության եւ հարակից հարցերի վերաբերյալ ինչ դիրքորոշում կունենան թեկնածուները։ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում այս խնդիրն ամերիկյան ուժերի համար կարող է մեղմվել։
Եվրամիության համար հայ-թուրքական սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման թեման հիմնականում կարեւորվել է Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների տիրույթում։ Երբ 2005թ․ Անկարան Բրյուսելի հետ սկսել էր բանակցությունները Եվրամիությանն անդամակցելու հարցի շուրջ, Թուրքիայից պահանջում էին երկրի ներսում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել՝ այդ թվում ազգային փոքրամասնությունների հետ կապված, կարգավորել քրդական հարցը, հարաբերությունները Կիպրոսի եւ Հայաստանի հետ։ Թուրքիան այդ պահին ԵՄ անդամակցության օրակարգ ուներ, որից բխող «Զրո խնդիր հարեւանների հետ» հռչակված քաղաքականության շրջանակում էր նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձն ու Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը։ Այժմ ԵՄ-ի հետ հարաբերությունները խորը ճգնաժամում են՝ Բրյուսելը քննադատում է Թուրքիային իշխանությունը գերկենտրոնացնելու, ժողովրդավարական հետընթացի համար, Արեւելյան Միջերկրականում գազի պաշարների պատկանելության շուրջ Կիպրոսի եւ Հունաստանի հետ լարվածության սրացումը 2019թ․ եւ Թուրքիայի ագրեսիվ արտաքին քաղաքականությունն առհասարակ խորացրել են ճգնաժամը։ Սրան գումարած նաեւ մոտ 3․7 միլիոն սիրիացի փախստականներին իր տարածքում պահելու խնդրի պարբերական շահարկումն Անկարայի կողմից՝ ԵՄ-ից զիջումներ պոկելու համար, որի հերթական փորձը 2020թ․ սկզբին էր, երբ Սիրիայի հյուսիսում այսպես կոչված «անվտանգության գոտի» ստեղծելուն հավանություն ստանալու համար Թուրքիան բացել էր միգրանտների մուտքը դեպի Հունաստան եւ հումանիտար ճգնաժամ ստեղծել։ Այս պայմաններում Թուրքիայի ԵՄ անդամակցության հեռանկարը մեծ հարցականի տակ է, եթե չասենք՝ այս պահին անհնար թվացող, բայց անկախ դրանից՝ Եվրամիության համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը մյուսների հետ մասին շարունակում է պահպանել կարեւորությունը, որովհետեւ անդամակցության ու հարակից հարցերի՝ թեկուզ անհեռանկարային քննարկումը Թուրքիայի հետ երկխոսությունը պահպանելու միջոցներից է։ Կա նաեւ այլ պատճառ՝ Եվրամիությունն այժմ միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային խնդիրների կարգավորման, կոմունիկացիաների բացման, հայ գերիների վերադարձի ուղղությամբ, իսկ Հայաստան-Թուրքիա բանակցությունները տեղավորվում են տարածաշրջանում իրավիճակի հանդարտեցման տրամաբանության մեջ։
Ինչո՞ւ է Թուքիան հիմա գնում Հայաստանի հետ բանակցությունների
Թուրքիայի կողմից այս պահին Հայաստանի հետ բանակցությունների գնալը տրամաբանական ու սպասելի էր։ Իրաքի եւ Սիրիայի հյուսիս ներխուժումները, ներգրավվածությունը Հյուսիսային Աֆրիկայում եւ, հատկապես, Լիբիայում, որոշիչ գործոն դառնալը Մերձավոր Արեւելքում առհասարակ, նաեւ՝ Արեւելյան Միջերկրականում, բխում են ազդեցության գոտիներն ընդարձակելու Թուրքիայի քաղաքականությունից։ Եթե ուշադրություն ենք դարձնում թվարկված տարածաշրջաններին, ապա դրանք Օսմանյան կայսրության մաս են կազմել ժամանակին, ինչով էլ պայմանավորված են Թուրքիայի հավակնությունները՝ «մենք ժամանակին եղել ենք այստեղ, ուրեմն պետք է այս կամ այն ձեւով լինենք նաեւ հիմա» սկզբունքով։ Թուրքական եվրասիականության մեկ այլ բաղադրիչ Կենտրոնական Ասիայում ազդեցության մեծացումն է, որի դրսեւորումներից մեկը Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունն է։ ԽՍՀՄ փլուզումն ու թյուրքալեզու երկրների անկախացումը Կենտրոնական Ասիայի ուղղությամբ աշխատելու հնարավորություններ բացեց Թուրքիայի համար։ Առավել եւս, որ Թուրքիայի նպատակներից է եղել ու շարունակում է մնալ տարածաշրջանում տրասնպորտային եւ էներգետիկ հաբի՝ հանգույցի վերածվելը, որպեսզի Արեւելք-Արեւմուտք ուղիները հենց իր տարածքով անցնեն՝ մեծացնելով նրա աշխարհաքաղաքական կշիռը։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Կասպից ծովից ադրբեջանական գազը Եվրոպա արտահանող «Հարավային գազային միջանցք»-ի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղն արդեն իսկ Թուրքիայի տարածքով են անցնում։ Պարզ է, որ Կենտրոնական Ասիայի թիկունքը Հարավային Կովկասն է, եւ այստեղ իր ազդեցությունը չմեծացնելու դեպքում հնարավոր չէ միջինասիական ուղղությամբ բավարար չափով ծավալվել։ Հենց այս պատճառով էլ Հարավային Կովկաս մտնելու պահը վաղ թե ուշ գալու էր։ Եթե նախորդող տարիներին Թուրքիան կարողացել էր տնտեսական մեծ ներդրումներով ու փափուկ ուժով ազդեցություն ձեռք բերել Ադրբեջանում եւ Վրաստանում, ապա ռազմական ու անվտանգային իմաստով այդ ազդեցությունը որպես այդպիսին չկար։ Արցախյան 2-րդ պատերազմում Ադրբեջանին հսկայական աջակցություն ցույց տալով Թուրքիան նաեւ անվտանգային ոլորտում մտավ Հարավային Կովկաս, ինչը նրան չէր հաջողվել 1920թ-ից ի վեր։ Պարզ է նաեւ, որ առանց Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու եւ ազդեցություն ձեռք բերելու Հարավային Կովկասում Թուրքիան չի կարող ցանկալի մակարդակի հասցնել իր ներկայությունը։ Հենց սրանով է պայմանավորված այժմ Հայաստանի հետ բանակցությունների գնալու որոշումը։
Թուրքիայի մեկնարկային պայմաններն ու պահը նպաստավոր են՝ Հայաստանն այն չէ, ինչ պատերազմից առաջ էր, էապես կորցրել է սուբյեկտայնությունն ու անհամեմատ ավելի քիչ ռեսուրսներ ունի արտաքին ռիսկերը զսպելու համար։ Այդ պատճառով էլ տրամաբանական էր, որ Անկարան Հայաստանի ուղղությամբ նոր փորձ է կատարելու, առավել եւս, որ պաշտոնական Երեւանը ուներ փոխադարձ ցանկություն։ Տրամաբանական է նաեւ, որ այս պայմաններում Թուրքիան ձգտելու է առավելագույնը ստանալ Հայաստանից։
Կարո՞ղ է Հայաստանը հայ-թուրքական օրակարգն անջատել հայ-ադրբեջանականից
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակը ոչ միայն սահմանի բացումն ու արտաքին շրջափակումը վերացնելն է, այնպես էլ կամ առավելապես հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական օրակարգից, ԼՂ հակամարտությունից տարանջատելը, հեռվացնելը։ Արդյո՞ք կարող է Հայաստանն այն էլ հիմա հասնել դրան։ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերն առավել քան երբեւէ համահունչ են, եւ հայ-թուրքական օրակարգը հայ-ադրբեջանականից տարանջատելն առավել քան բարդ, եթե ոչ՝ անիրատեսական։ Կապ չունի, թե որքանով է Թուրքիան պատերազմից հետո մեծացրել իր ազդեցությունն Ադրբեջանում եւ դեռ որքան կկարողանա մեծացնել՝ Հայաստանին եւ ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերում Անկարայի ու Բաքվի մոտեցումները միասնական են։ Ավելին՝ Չավուշօղլուն հայ-թուրքական բանակցությունների մասին ազդարարելիս հայտարարել է՝ Հայաստանի հետ քննարկվելիք ցանկացած հարց համաձայնեցնելու են Ադրբեջանի հետ։ Այս պարագայում դժվար է պատկերացնել, թե ինչու եւ ինչպես պետք է Թուրքիան մի կողմ դնի Ադրբեջանի գործոնն ու առանց դա հաշվի առնելու բանակցի Հայաստանի հետ։ Պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ կարող են հաջողության հասնել, եթե Թուրքիան նախապայմաններ առաջ չքաշի։ Իսկ ի՞նչ է լինելու, եթե ինչ-որ պահից Թուրքիան զիջումներ պահանջի Հայոց ցեղասպանությանն ու հայ-թուրքական սահմանին վերաբերող հարցերում, պահանջի հեռացնել ՀՀ Սահմանադրության ներածությունը, որով հղում է կատարվում Ակնախության հռչակագրին, որում էլ իր հերթին արձանագրված է․ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան պահանջի Հայաստանից իր տարածքով մայրցամաքային Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցք տրամադրել բառի այդ իմաստով կամ էլ, օրինակ, պահանջի, որ Հայաստանը նախ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքի, հետո՝ մնացածը (սրա մասին Թուրքիայից մի քանի հայտարարություն է եղել)։ Սրանք հարցեր են, որոնք կարող են բանակցություններում առաջ գալ ցանկացած պահի՝ այդ թվում այն ժամանակ, երբ թվա, թե կողմերը մոտ են համաձայնության։
Բանակցություններում՝ այն էլ նման զգայուն եւ խորը արմատներ ունեցող խնդիրների շուրջ, քիչ թե շատ բավարարող համաձայնություններ կարող են ձեռք բերվել այն դեպքում, եթե կողմերից ամեն մեկը պատրաստ է որեւէ հարցում զիջել՝ փոխադարձ ընդունելի լուծման հասնելու համար, պետք է ամեն կողմ ունենա ռեսուրս, որպեսզի ինչ-որ բան ստանալու դիմաց կարողանա ինչ-որ բան էլ տալ հակառակ կողմին։ Դժվար է պատկերացնել, թե այս իրավիճակում ինչ ռեսուրսներ ունի Հայաստանը նշված տրամաբանությամբ հաջողության հասնելու համար, որովհետեւ մեծ հաշվով զիջելու եւ «փոխանակելու» բան չունի էլ՝ այնպես, որ ինչ-որ չափով շահող դուրս գա իրավիճակից։ Հետեւաբար կա՛մ Թուրքիան պետք է որոշ հարցերում զիջումների գնա՝ առաջ չքաշելով նախապայմաններ, կա՛մ Հայաստանը պետք է դրանց համաձայնի, որպեսզի ինչ-որ համաձայնություն կայանա, իսկ դա լինելու է արդեն հայկական կողմի հաշվին։ Հետեւաբար, հարցականներն ու ռիսկերը շատ ավելին են, քան հնարավորությունները։
«Հաշտեցումը» «կարգավորման» հետ նույն զամբյուղ «չխցկել»
Եթե նշված տարբերակներից որեւէ մեկով ի վերջո հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ բացվի սահմանը, ապա Թուրքիան, բնականաբար, փորձելու է օգտագործել իր հնարավորությունները տնտեսական եւ փափուկ ուժի այլ գործիքներով Հայաստանում ազդեցություն հաստատելու համար։ Արդյո՞ք թուրքական կապիտալի ենթադրվող հոսքը Հայաստան ծանր խնդիրների առաջ կկանգնեցնի Հայաստանի տնտեսությանն ու քաղաքական ազդեցության վերածվելու ռիսկեր կստեղծի՝ դժվար է ասել, տնտեսական ռիսկերի գնահատման համար տնտեսական լուրջ հաշվարկներ, ռիսկերի գնահատում եւ ռազմավարական պլանավորում է հարկավոր, ինչը տնտեսագետների գործն է։ Թուրքական տնտեսությունն այդքան էլ լավ վիճակում չէ հիմա՝ լիրայի փոխարժեքի պարբերական տատանումներն Էրդողանի «տնտեսական անկախության» հասնելու քաղաքականության պատճառով մեծ ծավալների են հասցրել գնաճը, իսկ տնտեսական առկա ռեսուրսներն առհասարակ այդքան էլ չեն համապատասխանում Թուրքիայի արտաքին քաղաքական հավակնություններն իրականացնելու համար։ Միեւնույն ժամանակ, դա դեռ չի նշանակում, թե Հայաստան մուտք գործելու համար տնտեսական ռեսուրսներ առհասարակ չեն գտնվի՝ հարցին պատասխանելու համար եւս տնտեսական լուրջ հաշվարկների կարիք կա։
Այնպես որ, այս պահին բանակցությունների հնարավոր ելքը կանխատեսելը շատ բարդ է, իսկ անհիմն ենթադրություններ անելը՝ ոչ պրոֆեսիոնալ ու անշնորհակալ գործ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե թվարկված խնդիրների հարցում ինչպիսին կլինեն կողմերի մոտեցումներն ու ինչ փոփոխություններ կլինեն ընթացքում։
Հայկ Սահակյան
Լրահոս