Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը

Փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են  գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած նախագծերը նստաշրջանի օրակարգում ներառելու հարցը: Աղվան Վարդանյանը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է 68.000 դրամ նվազագույն աշխատավարձը բարձրացնել՝ դարձնելով 100.000 դրամ:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը  պարզաբանել է, որ ընդդիմադիր գործընկերների  նախաձեռնությունը վերաբերում է միայն ամսական աշխատավարձին, եւ  դրանում որեւէ անդրադարձ չկա գործավարձով կամ ժամավարձով աշխատողների  ժամային տարիֆային դրույքաչափերին, ինչը հեղինակն  ընդունել է:  Բացի այդ՝ նախագծով առաջարկվող  կարգավորումները հակասում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասինե ՀՀ օրենքներին:

Ելույթ ունենալով՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է նախագծի թերությունները: Ըստ նրա՝ դրանցից մեկն այն է, որ  եթե այս տեսքով  ընդունվի նախագիծը, ապա պետական պաշտոնյաների եւ պատգամավորների աշխատավարձն ավելի շատ կբարձրանա, քան նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիների աշխատավարձը:  Պատգամավորը հիշեցրել է, որ 2019 թվականին ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության եւ նաեւ Կառավարության առաջարկով բարձրացվել է նվազագույն աշխատավարձի չափը՝ 55 000 դրամից հասցվելով 68.000-ի, այն դեպքում, երբ դրանից առաջ՝ 5 տարի, այն չէր փոխվել, թեեւ 2012-2017 թվականների Կառավարության ծրագրով խոստացվել էր այն առնվազն կրկնապատկել: «Ձեր ցանկությունը շատ բարի է, բայց նվազագույն աշխատավարձը 68.000-ից 100.000 դարձնելը մեզ  տանելու է շատ վատ տեղ»,-ասել է նա՝ նկատի ունենալով դրա ռիսկերը: Պատգամավորը  հավելել է, որ իշխանությունը խոստացել է բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը՝ դարձնելով այն 85.000 դրամ, եւ դա անելու է՝ տնտեսական հնարավորություններին զուգահեռ եւ համահունչ:

 Քվեարկության արդյունքում նախագիծը նստաշրջանի օրակարգում չի ներառվել:

Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը, այնուհետեւ անդրադարձել նախագծերի քննարկմանը:

Spread the love