Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցույց տվեց իր անտեղյակությունը պատմությանը և անհարգալից վերաբերմունք դրսևորեց՝ հայտարարելով, որ Իսրայել պետությունը գոյացել է ՄԱԿ-ի բանաձևի հիման վրա։
«Սա ցույց է տալիս պատմության անտեղյակությունը և հարգանքի բացակայությունը: ՄԱԿ-ը ճանաչել է հրեա ժողովրդի պետություն ունենալու իրավունքը, բայց, բնականաբար, չի ստեղծել այն»,- ասել է Նեթանյահուն Le Figaro թերթին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Իսրայելը պետականություն է ձեռք բերել Անկախության պատերազմի արդյունքում։
Նեթանյահուն հավելել է, որ ՄԱԿ-ը «չի մասնակցել 1948 թվականի պատերազմին», սակայն դրան մասնակցել են մարդիկ, որոնք «փրկվել են Հոլոքոստից և Վիշիի ռեժիմից»։ Վերջին դեպքում խոսքը Ֆրանսիայի կոլաբորացիոնիստական կառավարության մասին է, որը գործել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական օկուպացիայի ընթացքում։ «Հետևաբար, ասել, որ ՄԱԿ-ը ստեղծեց Իսրայել պետությունը, պատմության ճնշող խեղաթյուրում է», – եզրափակել է Նեթանյահուն:
Ավելի վաղ Le Parisien թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ Նախարարների խորհրդի փակ նիստում Մակրոնն ասել է, որ Նեթանյահուն պետք է հիշի հրեական պետության ստեղծման հանգամանքները, որն ի հայտ է եկել ՄԱԿ-ի բանաձեւի հիման վրա։