Ստեղծարար ոլորտի զարգացմանը միտված նոր ծրագիր. ԿԳՄՍՆ

 

Հոկտեմբերի 25-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում ազդարարվել է «Advocacy Society for the Arts» (ԱՍԱ) համաժողովը:

Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

Նորաստեղծ արվեստի ջատագովման համայնք («Advocacy Society for the Arts-ASA»)  ծրագրի նպատակն է նպաստել մշակութային ոլորտի զարգացմանը,  ապահովել հայաստանյան մշակութային դաշտի առավել ներգրավվածությունը միջազգային ասպարեզում։

Համաժողովն անցկացվում է ԵՄ աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վասկեն Յակուբյանը, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և ուրախությամբ ընդգծել, որ շաբաթը ստեղծագործական է, որն ամփոփվում է  ավարտին մոտեցող «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրով:

Նախարարի տեղակալի նշմամբ՝ ծրագրի ակունքներում դրված է Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակի այն գաղափարը, որ ստեղծարար արդյունաբերության ոլորտում առանձին ծրագիր ունենալը պետության կողմից կարևորվել է. «Այս նախագիծը տնտեսական ուղղվածություն ունեցող «ԵՄ-ն հանուն Հայաստանի» ծրագրի մաս է կազմում, որի ստեղծարար արդյունաբերության բաղադրիչն իրականացվում է առանձին: Ցանկանում եմ ընդգծել, որ ստեղծարար արդյունաբերության զարգացումը դրված է մշակույթի ոլորտի պետական քաղաքականության հիմքում: Նախարարությունը շահագրգռված է ստեղծագործական արդյունաբերությանն առնչվող նոր ծրագրերի մեկնարկով, և Հայաստան-ԵՄ ընդհանուր փաթեթի շրջանակում այս ուղղությանը տրվում է մեծ նշանակություն։

Ուրախությամբ կուզեի արձանագրել, որ «Կատապուլտ» ծրագրի արդյունքում ստեղծվել է մի հարթակ,  որը նպաստում է մշակույթի ոլորտում հանրության, քաղաքացիական հասարակության և պետության միջև երկխոսության շարունակականությանը, որտեղ մեկտեղվում են բոլոր կողմերի համահավաք շահերը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ «ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարության» մեջ հատուկ ուշադրություն է դարձվել ստեղծարար արդյունաբերության ոլորտին վերաբերող բաժինը:

«Մշակույթը կարևոր դեր ունի ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում։ Այն ոչ միայն ամրապնդում է մեր փոխադարձ ըմբռնումն ու խորը կապերը մեր հասարակությունների միջև, այլև նպաստում է Հայաստանի դիմակայունության և տնտեսական զարգացման ամրապնդմանը։ ASA ֆորումը կարևոր քայլ է՝ հարթակ ստեղծելու համար, որտեղ մշակութային քաղաքականությունը, ստեղծարար տնտեսությունը և միջոլորտային գործընկերությունները միավորվում են՝ իրականացնելու իրական փոփոխություններ»,- իր խոսքում նշել է ԵՄ դեսպանը:

 

Համաժողովի շրջանակում անցկացված «Մշակույթի իրավական շրջանակները» պանելային քննարկմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ ԱՍԱ-ն ՀՀ կառավարության և ԵՄ համագործակցության արդյունքում իրականացված «Կատապուլտ» աքսելերացիոն ծրագրի զարգացման վերջնարդյունք է և միաժամանակ նոր նախաձեռնության յուրօրինակ մեկնարկ։

Ալֆրեդ Քոչարյանը նշել է  նաև, որ մշակույթի ոլորտում իրավական դաշտի կատարելագործումը պետական քաղաքականության առաջնահերթություններից է: «Մշակութային և ստեղծարար ոլորտներում նոր իրավահարաբերությունների հաստատումը, մշակութային արտադրանք ստեղծելու բարենպաստ միջավայրի ձևավորումը,  ստեղծարար տնտեսության զարգացումը, մշակութային ժառանգության պահպանության և զարգացմանն ուղղված ժամանակակից նոր իրավական գործիքակազմերի ներդրումը նախարարության ամենօրյա աշխատանքն է: Դրան են ուղղված այն օրենսդրական փոփոխությունները, խրախուսման մեխանիզմների ներդնումը, որը նախաձեռնել է նախարարությունը մշակութային և ստեղծարար ոլորտներում»,- ասել է  Ալֆրեդ Քոչարյանը և ներկայացրել «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանման, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների» ռազմավարությամբ նախատեսվող գործողությունները:

Նախարարի տեղակալի ներկայացմամբ՝  օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ արդեն իսկ  իրականացվել են մի շարք քայլեր.            մշակութային ժառանգության ոլորտում գրեթե ամբողջությամբ փոփոխվել է օրենսդրական դաշտը. «Ընդունվել է «Թանգարանների մասին օրենքը»,  լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Գրադարանների և գրադարանային գործի մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման» մասին, «Հուշարձանների մասին» օրենքներում, մշակվել է «Մշակութային աճուրդների մասին օրենքը»:

Համաժողովը եզրափակվել է ԱՍԱ «Բիզնեսն արվեստին» առաջին մրցանակաբաշխությամբ: Մրցանակները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Spread the love