Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Clinical Ophthalmology ամսագրում, առաջիններից մեկն է, որում ուսումնասիրվում է, թե ինչպես կարող է կլիմայի փոփոխությունն ազդել աչքերի առողջության վրա։
Գիտնականները, այդ թվում դոցենտ Քեթրին Ջեյմսը, որը գլխավորում է «Կլիման եւ մարդու առողջությունը» ծրագիրը ամերիկյան Կոլորադո նահանգի հանրային առողջապահության դպրոցում, հետազոտության շրջանակում ուսումնասիրել են աչքերի մակերեսի գրգռման եւ ամբուլատոր կաբինետներ ամենօրյա այցելությունների (կապված ալերգիայի հետ) եւ շրջակա միջավայրում վնասակար նյութերի (PM) պարունակության ամենօրյա մակարդակների միջեւ կապը մայրաքաղաք Դենվերի շրջանում։
Նրանք տվյալներ են ստացել պինդ մասնիկների խտությունների մասին։ Գիտնականները հայտնաբերել են աչքի մակերեսի գրգռման եւ ալերգիայի 144 313 դեպքեր, որոնք գրանցվել են ակնաբուժական կլինիկաներում հետազոտության շրջանում։
Ամենօրյա այցելությունների քանակը միջինից 2,2 անգամ ավելին է եղել, երբ PM10-ի խտությունը կազմել է 110։
Կլինիկա այցելությունների գործակիցն ավելացել է ամենօրյա խտության բարձրացմանը զուգընթաց։
Հետազոտությունում նշվել է, որ կոնյունկտիվիտը տարածվածությամբ աչքերի երկրորդ հիվանդությունն է այն պացիենտների շրջանում, որոնք այցելել են կլինիկա հետազոտության շրջանում, եւ կազմել է բոլոր այցելությունների մեկ երրորդը։
Աչքի ալերգիկ կոնյունկտիվիտի տարածվածությունը ամբողջ աշխարհում ավելացել է եւ տատանվում է տարածաշրջանից կախված։
Այդ աճի պատճառներից մեկը սոցիալ-տնտեսական եւ բնապահպանական գործոններն են, ինչպիսին են ջերմաստիճանը, խոնավությունը եւ օդի աղտոտվածությունը։
Գիտնականների խոսքով՝ օդի աղտոտվածության եւ կլիմայի փոփոխությունների հետ կապված ռիսկերը հետեւանքների լայն ընդգրկում ունեն, ներառյալ վարակիչ հիվանդությունները, եղանակի հետ կապված հիվանդացությունը, ինչպես նաեւ թոքերի, երիկամների եւ սիրտ-անոթային համակարգի տարբեր հիվանդությունները։