ՀՀ Ազգային ժողովում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ փետրվարի 14-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ կապված բազային ապահովագրավճարի չափի ավելացման հետ: Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ոլորտով շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, վարորդներ:
Հարցն այն է, որ փետրվարի 7-ից ուժի մեջ են մտել ավտոմեքենաների ապահովագրության նոր կարգավորումները, ինչը նշանակում է, որ այսուհետ նոր պայմանագիր կնքող բոլոր վարորդները պետք է վճարեն 41 հազար դրամ՝ անկախ մեքենայի տեսակից ու ձիաուժից: Այս սակագինը, սակայն, հետագայում կփոխվի՝ կբարձրանա կամ կիջնի՝ կախված վարորդի վարքից: 3000 դրամ ավել ապահովագրավճար վճարելու փոփոխությունը ցույցի էր հանել մի խումբ դժգոհ վարորդների, որոնք պահանջում էին չեղարկել փոփոխությունը:
Քննարկման նախաձեռնող Արմեն Խաչատրյանը նշել է, որ հանրության շրջանում կան կասկածներ՝ ապահովագրավճարների բարձրացման հիմնավորվածության կապակցությամբ, ուստի քննարկումը նախաձեռնվել է, որպեսզի կողմերը մանրամասն պարզաբանեն հարցերն ու իրավիճակը:
Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը պարզաբանել է, որ բազային ապահովագրավճարի վերին շեմն ավելացվել է 3000 դրամով, հանվել է ներքին շեմը: Մինչ այժմ առկա էին վերին եւ ներքին շեմեր: Երկրորդ փոփոխությունը խմբային-ռիսկային գործակիցներից փուլային հրաժարումն է: Խմբային-ռիսկային գործակիցներն իրենցից ներկայացնում են տարբեր ապահովադիրների խմբերի համար սահմանված գործակիցներ, որոնք ավելացնում կամ պակասեցնում են ապահովագրական ապահովագրավճարը՝ կախված մեքենայի հզորությունից եւ օգտագործման նպատակից:
Երրորդ փոփոխությունը վերաբերում է այսպես կոչված Բոնուս-Մալուս համակարգի վերանայմանը: Դա մի համակարգ է, որն իրենից ներկայացնում է անհատական ռիսկերի, այսինքն ապահովադիրների պատմության հիման վրա հիմնված սակագների ճշգրտում՝ վերեւ կամ ներքեւ՝ պայմանավորված դրական կամ բացասական վարքագծից: Վաղինակ Եղիազարյանը նշել է, թե Բոնուս-Մալուս համակարգն իրեն չէր արդարացնում, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել այն:
Ըստ զեկուցողի՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ապահովագրավճարները փոփոխության չէին ենթարկվել ներդրումից ի վեր՜ 2010 թվականից, թեեւ աճել են մեքենաների վերանորոգման եւ պահեստամասերի գները, ավելացել է փոխհատուցվող գումարի ծավալը: «Այսօր համակարգի կայունության խնդիր է առաջացել»,-ասել է նա՝ հավելելով, որ խնդիրը դեռեւս տարիներ առաջ է ի հայտ եկել: «Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ անհատական ռիսկերի վրա հիմնված գնագոյացման մոդելին անցումը հնարավորություն կտա ավելի արդար սակագներ ձեւավորել ապահովադիրներին եւ ապահովել ընկերությունների միջեւ առողջ մրցակցություն»,- նշել է զեկուցողը:
Փոփոխությունների վերաբերյալ այլ կարծիքի էին ընդդիմախոսները: Նրանք նշում էին, որ ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հարցից, վերջացրած ապահովագրական ընկերությունների կողմից վնասների գնահատումից, ինչը համարժեք չի կատարվում: «Խոսեցինք ամեն ինչից, սակայն չանդրադարձանք ապահովագրական ընկերությունների վատ սպասարկմանը»,- նկատել է քաղաքացի Արման Ադոնցը՝ առաջարկելով սկզբում բարելավել սպասարկման որակը, այնուհետեւ բարձրացնել սակագները: Թե քննարկման մասնակիցները, թե պատգամավորներն ոլորտի պատասխանատուներին հորդորել են փոփոխություններ իրականացնելուց առաջ ծավալել քննարկումներ, հանրությանը իրազեկել փոփոխությունների մասին:
Քննարկման մասնակից Արտակ Խաչատրյանն էլ կարծում էր, թե կատարված փոփոխությունները վարորդներին պատժելու նպատակ ունեն. դրանք բացասական են եւ վատթարացնում են շահառուների վիճակը:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն իր ելույթում նկատել է՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցն այսօր մղվել է երկրորդ պլան, համակարգն էլ աշխատում է ոչ թափանցիկ: Ըստ նրա՝ բերվել է մի համակարգ, որը լի է թերություններով: Նա առաջարկել է 1,5-2 ամսով հետաձգել դրա կիրարկումը՝ ստանալու համար մի փաթեթ, որի փիլիսոփայությունն ու մոտեցումներն ուղիղ կապ կունենան այն հիմնական նպատակների հետ, որոնք որդեգրվել են ԱՊՊԱ-ն որպես համակարգ ներդնելիս:
Ամփոփելով քննարկումը՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարեւորել է ծավալված քննարկումը՝ նույնպես նշելով համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ շեշտը պետք է դնել այն խնդրի վրա, որ նվազեն ճանապարհատրանսպորտային պատահարները: «Կձեռնարկենք միջոցներ, որ գալիք տարի քաղաքացիները բողոքելու պատճառներ չունենան»,- ասել է նա: