Հանրակրթության ոլորտում կարևորագույն տարի էր՝ կրթության նոր չափորոշչի ներդրման և կրթության որակի բարելավման տեսանկյունից, որը փաստվել է նաև միջազգային հետազոտությունների արդյունքներով։
Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ այսօր հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսում։
Բարելավվել է մաթեմատիկայի ուսուցման որակը․ միջազգային գնահատում
«Հատկապես ուրախ եմ, որ ունենք նաև որակական արդյունքներ: 2024 թվականին TIMSS-ի միջազգային գնահատման արդյունքներով չորրորդ դասարանցիները մաթեմատիկայի իմացության ոլորտում էական աճ է գրանցել: Հայաստանի չորրորդ դասարանցիները բարելավել են մաթեմատիկայի իմացությունը՝ 2019 թվականին գրանցված 498-ի նկատմամբ՝ ապահովելով 15 միավոր աճ։ Առաջին անգամ Հայաստանը 513 միավոր արդյունքով հայտնվել է միջինից բարձր արդյունքներ ցուցաբերած երկրների խմբում՝ հատելով 500 միավորի շեմը։ Այդ իմաստով սա շատ լավ նորություն է, որովհետև, օրինակ բնագիտական առարկաներ սովորելու պարագայում շատ կարևոր է մաթեմատիկայի ֆունդամենտալ իմացությունը: Բնագիտության ոլորտում չունենք աճ, բայց կարևոր եմ համարում, որ կրճատվել է բնագիտության բնագավառում նվազագույն շեմը չհաղթահարող սովորողների թիվը՝ 82%-ը հաղթահարում է նվազագույն շեմը, 40%-ը՝ միջին շեմը։ Միևնույն ժամանակ գիտելիքի կիրառականության խնդիրներ ունենք, որը լուծում կստանա դպրոցներում ԲՏՃՄ և ՏՏ լաբորատորիաների ներդրմամբ»,- ասել է նախարարը և հավելել, որ 2024 թվականին ավելի քան 541 դպրոցներում բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ են բացվել։
Նրա խոսքով՝ հանրապետության դպրոցների շուրջ կեսն արդեն հագեցված է լաբորատորիաներով, ինչը կարևոր է այս ուղղությամբ կրթության որակի բարձրացման տեսանկյունից:
Չափորոշչի ներդրումը նպաստել է կրթական արդյունքի ավելացմանը
Նախարարի տեղեկացմամբ՝ Կրթության տեսչական մարմնի ամենամյա հետազոտության արդյունքում 10 տարեկանների շրջանում բարելավվել են ֆունկցիոնալ գրագիտության ցուցանիշները․ անբավարար արդյունք ունեցող երեխաների թիվը նվազել է շուրջ 20%-ով: Ընդ որում՝ երեխաների կեսից ավելին ապահովել է 64.3%-ից բարձր արդյունք՝ այսինքն ճիշտ է պատասխանել կարդացած տեքստերին վերաբերող 14 հարցերից առնվազն 9-ին։
«Սա համարում եմ մեր աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը: Նոր չափորոշիչը պետք է գա ավելի բարելավելու այս արդյունքները, որովհետև 2024 թվականին հրապարակվել են Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման երկամյա արտաքին անկախ գնահատման արդյունքները, որի համաձայն՝ 2 տարվա ընթացքում սովորողների կրթական արդյունքն ավելացել է 6 ամսով, ինչը միջինում երկու անգամ գերազանցում է այլ երկրներում չափորոշչի փոփոխության արդյունավետությունը։ Եվ Հայաստանն այս իմաստով համարվում է օրինակելի երկիր, որի կրթական փոփոխության փորձը ուսումնասիրում են նաև միջազգային տարբեր հարթակներում»,- աել է նախարարը:
Ուսուցիչների վարձատրության խրախուսման ծրագրեր
Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ անդրադարձել է ուսուցիչների վարձատրության խրախուսման ծրագրերին և նշել, որ առկա են հինգ տարբեր ծրագրեր, որոնց 2024 թվականին ընդհանուր առմամբ 8 մլրդ 869 մլն ՀՀ դրամ է ուղղվել, բացի դպրոցներին հատկացվող ստանդարտ ծախսերից։
Կամավոր ատեստավորում
«2024 թվականի կամավոր ատեստավորման արդյունքներով արդեն իսկ ավելի քան 6100 ուսուցիչներ, որը կազմում է ուսուցիչների շուրջ 20%-ը, ունեն վարձատրության բարձրացում և հավելավճար»,- ասել է նախարարը։
Միևնույն ժամանակ նա առանձին ցուցանիշներ է ներկայացրել վարձատրության չափերի մասին. այս պահին տարակարգի և կամավոր ատեստավորման համակարգերի միաժամանակյա կիրառությամբ 300 000 – 400 000 ՀՀ դրամ աշխատավարձ ստանում է ավելի քան 1600 ուսուցիչ, 400 000 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ է ստանում է ավելի քան 500 ուսուցիչ, ինչը շուրջ 2.5 անգամ ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը:
3300 նոր ուսուցիչներ են մուտք գործել դպրոցներ
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ընդհանուր առմամբ ուսուցիչների աշխատանքի գրավչության բարձրացման կարևոր ցուցանիշ է նոր ուսուցիչների ընդգրկումը։ «Այս ուսումնական տարում ավելի քան 3300 նոր ուսուցիչներ են մուտք գործել դպրոցներ, ինչը նշանակում է՝ ուսուցիչների աշխատանքի գրավչությանը և մրցունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները տալիս են իրենց արդյունքը: Կարևոր եմ համարում, որ նոր ուսուցիչների 56.6%-ը՝ կեսից ավելին, աշխատանքի է անցել գյուղական դպրոցներում։ Առանձին հավելավճարի ծրագրեր ունենք հենց գյուղական փոքր դպրոցների համար և հատկապես կարևորում եմ, որ նոր ուսուցիչների շուրջ 16%-ը տղամարդ ուսուցիչներ են, ինչը ավելի մեծ համամասնություն է, քան միջինում համակարգում տղամարդ ուսուցիչների տոկոսը: Սա նշանակում է, որ այս պայմանները նաև ավելի են խրախուսում տղամարդ ուսուցիչների մուտքը համակարգ: Նոր ուսուցիչները հատկապես ակտիվորեն են ներգրավվել բնագիտական առարկաների և ֆիզկուլտուրայի ուղղությամբ»,- ասել է նախարարը։
300 դպրոց ծրագիր
Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է 300 դպրոցների ծրագրին և նշել, որ ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն ակտիվ ընթանում են ավելի քան 220 հաստատություններում, դրանց մեծ մասը նոր կառուցվող շենքեր են:
«Առանձին ծրագիր ունենք նաև վերանորոգման ուղղությամբ՝ ուղղված դպրոցական այն շենքերին, որոնք վերակառուցման կարիք չունեն, բայց ունեն միասնական ստանդարտի բերվելու անհրաժեշտություն: Արդեն իսկ կառավարության որոշումներով հաստատված է ավելի քան 50 նման դպրոցի ցանկ և առաջիկայում այդ դպրոցներում աշխատանքները կմեկնարկեն: Ընդհանուր առմամբ ՀՀ դպրոցականների ավելի քան 25%-ը 300 դպրոցների ծրագրի շահառու է, այսինքն ավելի քան 107 հազար երեխաներ այս ծրագրի ուղիղ շահառու են, որովհետև իրենց դպրոցական պայմաններն ուղղակիորեն բարելավվում են: Արդեն իսկ շահագործման հանձնված 38 դպրոց ունենք՝ շուրջ 15 000 սովորողի համար և 16 մարզադահլիճ՝ ավելի քան 6000 սովորողի համար։ Զուգահեռաբար գույքով ապահովման աշխատանքները նույնպես ընթանում են»,- ասել է նախարարը:
Նախադպրոցական կրթություն. 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման և հիմնանորոգման ծրագիր
Նախարարի նշմամբ՝ նախադպրոցական համակարգում 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը շուրջ 75% է կազմում, ինչը շուրջ 5%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
«Ոլորտում ակտիվորեն ընթանում է 500 մանկապարտեզների ծրագիրը՝ նոր մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման և հիմնանորոգման ուղղությամբ: 500 մանկապարտեզների ծրագրով 195 հաստատություններում շինարարական աշխատանքներն ավարտվել են (119 մանկապարտեզ, 76 նախակրթարան), 136-ում՝ ընթացքի մեջ են, իսկ 64 հաստատությունում՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: Պետք է առանձնահատուկ նշեմ, որ նախադպրոցական նոր հաստատություններից 125-ը, այսինքն մեծ մասը, գտնվում են գյուղական բնակավայրերում և այստեղ մեծ թիվ են կազմում այն բնակավայրերը, որտեղ նախադպրոցական ծառայությունը առաջին անգամ է հասանելի դառնում: Ծրագրի ավարտին բարեկարգ պայմաններում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա ավելի 33 000 երեխա»,- նշել է նախարարը:
2024 թ. կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների վարձատրությունը՝ 2025 թ. հունվարից
Ի պատասխան լրագրողի հարցին՝ նախարարն անդրադարձել է նաև 2024 թվականին հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հավելավճարների և բարձրացված աշխատավարձերի տրամադրմանը՝ պարզաբանելով, որ բարձրացված դրույքաչափով վարձատրություն ուսուցիչները կստանան 2025 թվականի հունվարի 1-ից: Նախարարը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ վարձատրություն տրվել է նաև նոյեմբերին և դեկտեմբերին, այս տարի բարձրացված դրույքաչափերը կիրառվելու են հունվարից, քանի որ կամավոր ատեստավորման համակարգը փոխվել է՝ իրականացվել է էլեկտրոնային եղանակով և համապատասխան հրամանը՝ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների վերջնական ցանկով, հաստատվել է դեկտեմբերի վերջին:
Ընդունելության 11.4% աճ քոլեջներում և ուսումնարաններում
Անդրադառնալով միջին մասնագիտական կրթությանը՝ նախարարն ասել է, որ այն տնտեսության զարգացման կարևոր նախապայման ապահովող ոլորտներից է։
«Հատկանշական է, որ 2024 թ. քոլեջներում և ուսումնարաններում ընդունելության շատ լավ արդյունքներ են արձանագրվել․ ՄԿՈՒ հաստատություններ է ընդունվել 15 058 ուսանող՝ 2023-ի նկատմամբ գրանցելով ընդունելության 11.4% աճ։ Ներկայում ՄԿՈՒ հաստատություններում սովորում է ավելի քան 45 000 ուսանող։ Հատկապես նկատելի է աճը պետության կողմից գերակա ճանաչված և ամսական 50 հազար դրամ կրթաթոշակ նախատեսող արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության ուղղության մասնագիտություններում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ ներդրվել է նաև տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագիր, որը տրամադրվում է թե՛ դասախոսներին, թե՛ ուսանողներին:
2024 թվականին առաջին անգամ կազմակերպվել է նաև քոլեջներում և ուսումնարաններում դասավանդող մանկավարժների վերապատրաստման և ատեստավորման գործընթացը 4 ուղղություններով՝ ոսկերչություն, գյուղատնտեսություն, ՏՏ, խոհարարություն։ «Ատեստավորմանը մասնակցել է 310 աշխատակից, արդյունքում մասնակիցների 88.4%-ը հաղթահարել է նվազագույն շեմը՝ առնվազն կրկնապատկելով վարձատրությունը։ Ակնհայտ է, որ արդյունքը գոհացուցիչ է»,- ասել է նախարարը:
Ակադեմիական քաղաքի մասին
Բուհական կրթության ոլորտում իրականացվող փոփոխություններին անդրադառնալիս Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հիմնական ծրագիրը բուհերի խոշորացման, գիտահետազոտական կազմակերպությունների միավորման բարեփոխումն է, որը արտացոլված է նաև Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նոր նախագծում, որն այժմ շրջանառվում է:
Ձևավորված են «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքային խմբերը, որոնք աշխատում են մի քանի ուղղությամբ:
««Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում պատրաստ է գլխավոր հատակագծի հայեցակարգը, որի մշակման աշխատանքներն իրականացվել են գերմանական ճարտարապետական հեղինակավոր GMP ընկերության կողմից: Ընթացքում են նախապատրաստական մյուս աշխատանքների պայմանագրերը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համատեղ»,- ասել է նախարարը։
21 տոկոս ընդունելության աճ գերակա ուղղություններով
Պետության կողմից գերակա ճանաչված բնագիտական մանկավարժության ծրագրերով, որտեղ գործում է ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ, 2024-2025 ուսումնական տարում բուհեր է ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարում ընդունվածներից 21%-ով ավելի։ Այս քաղաքականությունը տարածվել է նաև ագրարային ոլորտի մասնագիտությունների վրա։
«ԲՏՃՄ ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով 135 ուսանողի տրամադրվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Այս ուղղություններով պետական պատվերով ընդունելությունը նախորդ ուսումնական տարվա համեմատ աճել է 5%-ով: Բուհերի հետ քննարկվում են տարկետման ցանկի հնարավոր բարեփոխումներն ու վերանայումները»,- հայտնել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա իրազեկմամբ՝ էապես փոխվել են ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողների ընդունելության, ակադեմիական շարժունության կարգերը՝ մեծացնելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, տվյալների հավաստիության ստուգելիությունը՝ նախատեսելով նաև գործընթացի իրականացումը էլեկտրոնային հարթակի միջոցով։ 2024-2025 ուսումնական տարում օտարերկրյա դիմորդների թվաքանակը ՀՀ ուսումնական հաստատություններ կազմել է 1599 (36.7%-ով ավելի նախորդ տարվանից):
Գիտնականների աշխատավարձերի բարձրացման մասին
Շարունակվել է նաև գիտական աշխատողների աշխատավարձերի բարձրացման գործընթացը, ինչի արդյունքում 2018-2021 թվականներին գիտական աշխատողների յուրաքանչյուր տարակարգի միջին աշխատավարձի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է աշխատավարձի ավելացում 78%-ից մինչև 267%:
Նախարարի տեղեկացմամբ՝ գիտության ոլորտի (ներառյալ ռազմարդյունաբերությունը) ֆինանսավորումը կազմել է շուրջ 40 մլրդ ՀՀ դրամ՝ 2023 թվականի ֆինանսավորման չափից 4 մլրդ ՀՀ դրամով ավելի: 2018 թվականի 14.3 մլրդ ՀՀ դրամի համեմատ 2024 թվականին ոլորտի ֆինանսավորումը ավելացել է 25.9 մլրդ ՀՀ դրամով՝ շուրջ 2.8 անգամ: Նախարարի գնահատմամբ՝ ըստ այդմ բարձրացել է նաև ոլորտի մրցունակությունը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ոլորտում իրականացվող տարիների աշխատանքի արդյունք է նաև այն, որ էապես բարձրացել է նաև գիտական աշխատանքի միջազգային մրցունակությունը․ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրի շրջանակում 2024 թվականին ՀՀ կողմից ներկայացվել է 144 հայտ (կրկնակի ավելի նախորդ տարվա համեմատ), կնքվել է ֆինանսավորման 17 պայմանագիր (7-ով ավելի նախորդ տարվանից) 7.58 մլն եվրո ընդհանուր բյուջեով, որը գերազանցում է նախորդ տարվա բյուջեն 2.4 անգամ:
Միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներում ավելացել են ՀՀ գիտնականների հրապարակումները
Գիտության ոլորտի աջակցության էական մեծացումը արտահայտվել է նաև ՀՀ գիտնականների կողմից միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներում հրապարակումների թվի աճի տեսքով. մասնավորապես, ըստ Web of science գիտատեղեկատվական շտեմարանի տվյալների` ազդեցության գործակից ունեցող պարբերականներում ՀՀ գիտնականների հրապարակումների թիվը 2023 թվականի համար կազմել է 1 205, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը` 41%-ով (854) և պատմականորեն գրանցված ամենաբարձր ցուցանիշն է (նախորդ ամենաբարձրը եղել է 2019 թ.՝ 1 021):
Գիտական հետազոտություններ՝ պետական պատվերով
Ինչպե՞ս է գիտությունը սպասարկում պետության կարիքները հարցին ի պատասխան ՝ նախարարն ասել է. «Առաջին անգամ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների արդյունքները պետության կարիքների բավարարմանն ուղղելու նպատակով՝ 2024 թվականի ընթացքում ծավալուն աշխատանքներ են տարվել պետական պատվերով գիտական հետազոտություններ իրականացնելու մեխանիզմ ձևավորելու ուղղությամբ։ Ստեղծվել են ՀՀ գերատեսչությունների և գիտական համայնքի ներկայացուցիչներից կազմված ոլորտային 5 աշխատանքային խմբեր: Քննարկումների արդյունքում առանձնացվել են գիտական հետազոտությունների պահանջարկ ունեցող շուրջ 60 թեմաներ, որոնց մրցույթները կիրականացվեն հաջորդ տարի»:
Նախարարն անդրադարձել է նաև մշակույթի և սպորտի ոլորտներում կատարված աշխատանքներին և պատասխանել լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են հուշարձանների վերականգնմանը, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և վերապատրաստմանը, դպրոցական դասագրքերին, դպրոցներում հեծանիվների բաշխմանը և ոլորտային այլ խնդիրների։