Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 40 մլն դոլարի վարկ

Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 40 մլն դոլարի վարկ՝ հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հունվարի 22-ին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը՝ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի էներգետիկ անցման ապահովման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ։

Համաձայնագիրն, ըստ նրա, ստորագրվել է 2024թ. օգոստոսին։

Ծրագրի նպատակը վերականգնվող էներգիան զարգացնելն է՝ դրա ծավալներն ընդլայնելու եւ այն էլեկտրացանցին ինտեգրելու միջոցով, արդիականացնելով էներգետիկ ենթակառուցվածքը, ապահովելով դրա հուսալիությունն ու կայունությունը եւ բարձրացնելով էլեկտրաէներգիայի փոխանցման ընկերության առեւտրային կենսունակությունը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շաումյան-2» (220/110/10 կՎ), «Մարաշ» (220/110/10 կՎ) եւ «Եղեգնաձոր» (220/110/10, 35 կՎ) ենթակայանները։ Այս ենթակայանները կառուցվել են դեռեւս 1960-70-ական թթ.։ Ենթակայանների սարքավորումների զգալի մասը շահագործվում է ավելի քան 40 տարի։ Ռելեային պաշտպանության եւ ավտոմատացման սարքավորումները, բացի հնացած եւ մաշված լինելուց, չունեն ժամանակակից միկրոպրոցեսորային տեխնոլոգիայի համար անհրաժեշտ գործառույթներ։

«Ենթակայանների երկաթբետոնե կոնստրուկցիաները 40 տարուց ավելի շահագործումից հետո դարձել են անօգտագործելի, իսկ մալուխային խրամուղիները գտնվում են ծայրահեղ անմխիթար վիճակում։ Չի ապահովվում մալուխների ջրամեկուսացումը, ինչն իր հերթին հանգեցնում է մալուխների մեկուսիչ շերտի քայքայման եւ վթարների առաջացման»,- նշել է Ղալեչյանը։

Վերակառուցումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2028թ.։ Վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի, որոնցից 15-ը՝ արտոնյալ։

Spread the love