Մյունխենի տեխնիկական համալսարանին կից Լայբնիցի անվան սննդային համակարգերի կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողները առաջին անգամ ուսումնասիրել են, թե ինչպես են ֆավայի հատիկներից ստացված սպիտակուցային կառուցվածքներն ազդում մարդու բերանի խոռոչի շոշափելի բջիջների բջջային մոդելի վրա:
Այս զգայական բջիջներն արձագանքում են մեխանիկական գրգռիչներին, ինչպիսիք են ճնշումը և առանցքային դեր խաղում սննդի և ըմպելիքների նյութակազմվածքն ու համն ընկալելու գործում:
Նոր բացահայտումները, որոնք հրապարակվել են ինստիտուտի կայքում, կարող են օգնել բարելավել մեր ըմբռնումը և, ի վերջո, օպտիմալացնել, բուսական սնննդի ընկալումը մեր զգայարանների միջոցով՝ նպաստելով ավելի խելամիտ և առողջ սնվելուն:
Սպիտակուցային նանոմանրաթելերը հատուկ սպիտակուցային մոլեկուլներ են, որոնք չափազանց փոքր կառուցվածքներ ունեն: Դրանք օժտված են հազվագյուտ ֆիզիկակաքիմիական հատկություններով, որոնք կարող են երկարատև ազդեցություն ունենալ մթերքների նյութակազմվածքի և, հետևաբար, համի վրա: Թեև շատ բան է հայտնի հեղուկ միջավայրում դրանց ձևավորման և ֆիզիկական հատկությունների մասին, սակայն քիչ հետազոտություններ են իրականացվել այն մասին, թե ինչպես են այդ մանրաթելերն ազդում բջիջների վրա ֆիզիոլոգիական պայմաններում:
Սրան է վերաբերում Լայբնիցի թիմի հետազոտությունը, որը ղեկավարել է կրտսեր գիտաշխատող Մելանի Քելերը: Նրա թիմը կենտրոնացել է բերանում սննդի զգացողության վրա: Օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիա՝ հետազոտական թիմն առաջին անգամ ուսումնասիրել է, թե ինչպես են ֆավայի հատիկներից ստացված սպիտակուցային նանոմանրաթելերն ազդում մարդու բջջային գծի, այսպես կոչված մեխանիկական ընկալիչ բջիջների վրա։ Հետազոտությունն իրականացվել է ֆիզիոլոգիական պայմաններում։ Ուսումնասիրելով մոդելային բջիջները ֆիզիոլոգիական պայմաններում, հետազոտողները ատոմաուժային մանրադիտակի միջոցով առաջին անգամ հայտնաբերել են, որ նանոմանրաթելերն անհարթություն են հաղորդում բջիջների մակերեսային կառուցվածքին՝ չփոխելով դրանց ընդհանուր առաձգականությունը:
Փորձարկումները ցույց են տվել, որ բջիջների կուլտիվացման միջավայրում նանոֆիբրիլների ավելացումը փոխում է ընկալիչ գեների ակտիվությունը, որոնք դեր են խաղում սննդի նյութակազմվածքի ընկալման մեջ: Դրանց են վերաբերում մեխանիկազգայուն իոնային ալիքները, ինչպիսիք են պիեզորընկալիչները, ինչպես նաև ճարպաթթուներ հայտնաբերող ընկալիչները: Արհեստական բջջային թաղանթների հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ մանրաթելերը փոխազդում են թաղանթների հետ լիպիդների միջոցով, ինչն ազդում է այս թեստային համակարգում թաղանթների առաձգականության վրա:
«Չնայած այս հետազոտությունը դեռ վաղ փուլում է, սակայն մեր կենսաֆիզիկական և կենսաքիմիական արդյունքներն արդեն ցույց են տալիս, թե ինչպես կարող են նանոմանրաթելերն ազդել նյութակազմվածքի և ճարպի ընկալման վրա:
Հետևաբար, մենք ցանկանում ենք խորացնել մեր նոր բացահայտումները ապագա փորձարկումներում և զգայական հետազոտություններում: Երկարաժամկետ հեռանկարում մենք ցանկանում ենք նոր կիրառումներ գտնել բույսերի վրա հիմնված նանոֆիբրիլների համար՝ բարելավված նյութակազմվածքով ընկալման համար գրավիչ սննդամթերք ստեղծելու համար»,- ասել է հետազոտության հեղինակը: