Զելենսկին հայտարարել է, որ կվերանայի միջուկային զենքից Ուկրաինայի հրաժարվելու հարցը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ անվտանգության ապահովման մասին Բուդապեշտի հուշագրի մասնակիցների միջեւ բանակցություններ է նախաձեռնում, գրում է «Ուկրինֆորմը»։

«Ես խորհրդակցություններ եմ նախաձեռնում Բուդապեշտի հուշագրի շրջանակներում։ Դրանց կազմակերպումը վստահվել է արտաքին գործերի նախարարին։ Եթե դրանք նորից չկայանան կամ դրանց արդյունքում մեր երկրի համար անվտանգության երաշխիքներ չլինեն, Ուկրաինան լիարժեք իրավունք կունենա հավատալու, որ Բուդապեշտի հուշագիրը չի գործում, եւ 1994թ․ բոլոր փաթեթային որոշումները կասկածի տակ կդրվեն»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Հարկ է նշել, որ 1994թ․ փաթեթային որոշումները նաեւ Ուկրաինայի ոչ միջուկային կարգավիճակ էին ենթադրում։

Զելենսկին համաժողովում իր ելույթի ժամանակ նաեւ ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել։

«Մենք պատրաստ ենք պատերազմի ավարտի բանալին փնտրել բոլոր հնարավոր ձեւաչափերում եւ վայրերում: Փարիզ, Բեռլին, Մինսկ, Ստամբուլ, Ժնեւ, Բրյուսել, Նյու Յորք կամ Պեկին՝ ինձ համար կարեւոր չէ, թե աշխարհի որ ծայրում կպայմանավորվեմ Ուկրաինայում խաղաղության մասին: Կարեւոր չէ՝ չորս երկրի մասնակցությամբ, յոթ թե հարյուր, կարևորն այն է, որ դրանց թվում լինեն Ուկրաինան եւ Ռուսաստանը։ Իսկապես կարեւորն այն գիտակցությունն է, որ խաղաղությունը միայն մեզ չի պետք, Ուկրաինայում խաղաղությունն աշխարհին է պետք։ Խաղաղություն եւ ամբողջականության վերականգնում՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասել է Զելենսկին։

Spread the love