Հարթֆորդշիրի եւ Կենտրոնական Լանքաշիրի համալսարանների գիտնականները պարզել են, որ կեռասի 130 միլիտր նոսրացված Մոնմորանսի հյութը նվազեցնում է աղիների բորբոքման նշանները թեթեւ եւ միջին ծանրության խոցային կոլիտի դեպքում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Life ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է խոցային կոլիտ ունեցող 18-65 տարեկան 35 պացիենտ: Սա քրոնիկական, կրկնվող հիվանդություն է, որը բնութագրվում է հաստ աղիի լորձաթաղանթի բորբոքմամբ: Խոցային կոլիտն ուղեկցվում է մարսողության խանգարումներով, որովայնի ցավով, աղիների կծկման հետ կապված խնդիրներով, սրտխառնոցով եւ հոգնածությամբ։ Կարող են առաջանալ նաեւ էրոզիա եւ խոցեր։
Կամավորները բաժանվել են երկու խմբի։ Առաջին խումբը շաբաթը երկու անգամ խմել է 100 միլիլիտր ջրից եւ 30 միլիլիտր խտացրած Մոնմորանսի կեռասի հյութից պատրաստված ըմպելիք, իսկ երկրորդ խումբը՝ դատարկահաբ։ Միջամտությունն սկսվելուց վեց շաբաթ անց գիտնականներն ուսումնասիրել են մասնակիցների կղանքի նմուշները՝ բորբոքման մակարդակը գնահատելու համար:
Պարզվել է, որ հյութի օգտագործումը 40տոկոսով նվազեցրել է աղիքային բորբոքման մարկերների սրությունը թեթեւ եւ միջին ծանրության խոցային կոլիտ ունեցող մարդկանց մոտ: Առաջին խմբի մասնակիցները նույնպես հայտնել են կյանքի որակի բարելավման մասին:
Գիտնականները դեռ չեն կարող հստակ ասել, թե ինչն է առաջացնում այս օգտակար ազդեցությունը: Նրանք ենթադրել են, որ կեռասի մեջ առկա թթվային սննդանյութերը, որոնք կոչվում են անտոցիաններ, կարող են հակաօքսիդանտային ազդեցություն ունենալ՝ պաշտպանելով աղիների բջիջները վնասումներից: