Յելի համալսարանի ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել օդում օզոնի մակարդակի բարձրացման եւ երիտասարդների մոտ սրտի կաթվածի բարձր ռիսկի միջեւ: Հետազոտությունը հրապարակվել է GeoHealth գիտական ամսագրում։
Թիմն ուսումնասիրել է 18-55 տարեկան 2 322 պացիենտների տվյալները, որոնք սրտի կաթված են ստացել: Մասնագետներն ուսումնասիրել են օդի աղտոտվածության մակարդակը, ներառյալ օզոնը եւ PM2.5 մանր մասնիկները մասնակիցների բնակության վայրերի մոտ:
Պարզվել է, որ օզոնի բարձր մակարդակը հարաբերակցվում է սրտի կաթվածի աճի հետ ներգործությունից 4-5 օր հետո: Ընդ որում՝ ոչ մի կապ չի հայտնաբերվել PM2.5-ի եւ սրտի կաթվածի միջեւ:
Հետազոտողներն առանձին ուսումնասիրել են սրտի կաթվածների տարբեր տեսակներ եւ պարզել, որ օզոնն ամենից շատ հարաբերակցվում է սրտի խնդիրների հետ (ինչպիսին է արյան ցածր ճնշումը), որոնք կապված են թթվածնի մատակարարման նվազման հետ:
Գիտնականները նաեւ պարզել են, որ օզոնի եւ սրտի կաթվածի միջեւ կապը կարող է ավելի ուժեղ լինել տաք ամիսներին: Սա հատկապես մտահոգիչ է կլիմայի փոփոխության պայմաններում, երբ ավելանում են օդի աղտոտվածության մակարդակը եւ ծայրահեղ ջերմաստիճանների հաճախակիությունը:
Թիմը նախատեսում է շարունակել առողջության վրա օդի աղտոտվածության ազդեցության ուսումնասիրությունը, որպեսզի մշակի կանխարգելման եւ պաշտպանության ավելի արդյունավետ միջոցներ։