2025 թվականին ադրբեջանական մամուլը լուր հրապարակեց մարդկանց առևտրի դեպքերի բացահայտումների վերաբերյալ։ Հաղորդվեց, որ Պակիստանի Հետաքննությունների դաշնային գործակալությունը (FIA) մարդկանց առևտրի՝ Ադրբեջանից ղեկավարվող միջազգային հանցախմբի անդամների է ձերբակալել:
Պարզվել է, որ խմբի անդամները գումարի դիմաց կազմակերպել են Պակիստանի քաղաքացիների տեղափոխումը Եվրոպա՝ Ադրբեջանի տարածքն օգտագործելով որպես տարանցիկ ուղի, իսկ տեղի գործակալների ու վիզաների տրամադրմանն աջակցող կազմակերպությունների ներգրավմամբ՝ նաև փաստաթղթերի կեղծման գործընթաց է իրականացվել: Կարաչիում ձերբակալվել են տարբեր երկրների կեղծ փաստաթղթերով Բաքու մեկնող անձինք ևս։
Այս և նմանատիպ այլ հրապարակումներ ուշադրություն հրավիրեցին Ադրբեջանում մարդկանց առևտրի դեպքերի վիճակագրությանը։
Այսպես՝ դեռևս 2004 թվականին արձանագրվել էր, որ Ադրբեջանում կտրուկ աճել են մարդկանց առևտրի դեպքերը։ Ադրբեջանի Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Մատանաթ Ազիզովայի խոսքով՝ շահագործման (թրաֆիքինգ) զոհ դարձած մարդկանց հարազատներից ստացված դիմումներն ու իրականացված հետազոտության արդյունքները զարմացրել են նաև Ադրբեջանի ղեկավարությանը։ Նշվում է, որ Ադրբեջանի օրենսդրությունը խիստ թերի է, ինչի հետևանքով այդ երկիրը վերածվել է թրաֆիքինգի կենտրոնի։ Օրինակ՝ կանայք Նախիջևանից և Ադրբեջանի տարբեր շրջաններից հավաքագրվում ու տեղափոխվում են Բաքու՝ «սեռական ստրկության» (հարկադիր մարմնավաճառություն)։
Ազիզովայի վկայությամբ՝ Ադրբեջանում նաև երեխաների թրաֆիքինգի դեպքեր կան. երեխաները տարվում են Բաքու՝ մուրացկանությամբ զբաղվելու։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք ու երեխաները սեռական շահագործման, իսկ տղամարդիկ՝ հարկադիր աշխատանքի նպատակով Ադրբեջանից կամ նրա միջոցով ուղարկվում են նաև Թուրքիա, Ռուսաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Պակիստան, Իրան, Մալազիա և այլն։
Հետագա տարիներին իրավիճակը շարունակել է վատթարանալ, սակայն Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն թաքցրել են հանցագործությունների իրական թիվը։ Մեղավորներ են հռչակվել Հայաստանի հետ հակամարտության պատճառով դեպի Բաքու մեկնած փախստականները, հետագայում նաև՝ սոցցանցերը և այլն։
Իրավապաշտպաններն ու հասարակական կազմակերպություններն արձանագրել են, որ ձերբակալությունների աճին զուգահեռ՝ թրաֆիքինգի զոհերին «սեքս-արդյունաբերության» մեջ և օրգանների փոխպատվաստման համար օգտագործելու դեպքերը լայն տարածում են գտել: Նման դեպքեր արձանագրվել են նաև զինված ուժերում։ Չնայած դեպքերի բացահայտումներին, միջազգային կազմակերպությունների փաստահենք զեկույցներին՝ ադրբեջանցի պատասխանատու պաշտոնյաները պարբերաբար հերքել են տարածվող լուրերը՝ անհամաձայնություն հայտնելով դրանց, արդարանալով արդյունավետ աշխատանքի մասին ինքնագովեստով:
Այսպես՝ 2012 թվականին ադրբեջանական մամուլն ահազանգել էր, որ երկրում մարդկանց առևտուրը մտահոգիչ ծավալների է հասել։ 2006-2012 թվականներին մարդկանց առևտրի 484 փաստ է արձանագրվել:
Ադրբեջանում մարդկանց առևտրի դեմ պայքարի ազգային համակարգող Վիլայաթ Էյվազովը ԵԱՀԿ Բաքվի գրասենյակում անցկացված «Մարդկանց առևտրի և հարկադիր աշխատանքի դեմ պայքարում համագործակցության ամրապնդում» թեմայով միջազգային համաժողովին ընդունել է, որ այդ թիվը բավականին մեծ է:
Այս հարցում Ադրբեջանին աջակցելու համար 2014 թվականի նոյեմբերի 20-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և ԵԱՀԿ Բաքվի ծրագրային համակարգողի միջև ստորագրվել է Ադրբեջանում մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտում համագործակցության և աջակցության մտադրությունների մասին հռչակագիրը։ Սկսած 2015 թվականից՝ USAID-ն Ադրբեջանում ծրագրեր է իրականացրել՝ կառավարությանը և ոչ պետական կազմակերպություններին աջակցելով մարդկանց առևտրի, հարկադիր աշխատանքի և գենդերային բռնության դեմ պայքարի հարցերում: Սակայն, նույնիսկ ամերիկյան կառավարության և ԵԱՀԿ-ի ներդրումներն էական արդյունքներ չեն ապահովել:
ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ինչպես ավելի վաղ, այնպես էլ 2018 թվականին հրապարակված «Մարդկանց թրաֆիքինգի» տարեկան զեկույցի համաձայն, Ադրբեջանի կառավարությունը 6 տարի անընդմեջ դասվել է ռիսկային խմբում։ Զեկույցում մատնանշվել է, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները չեն գիտակցում մարդկանց թրաֆիքինգի խնդրի նշանակությունն ու չունեն այդ դեպքերը հետաքննելու ունակություն, հատկապես՝ մարզերում։ Վկայակոչվել են ոստիկանների ու դատախազների կողմից զոհերին վիրավորելու և անտեսելու, տուժածներին ապաստարաններում չընդունելու, այնտեղ գտնվողներից ապաստարանը լքելու համար դիմում պահանջելու դեպքեր։ Կառավարությունն, ըստ զեկույցի, պատշաճ ֆինանսավորում չի հատկացրել ապաստարաններին։ Նշվել է նաև, որ 2016 թվականին Ադրբեջանում բացահայտվել է թրաֆիքինգի 70, իսկ 2017 թվականին՝ 71 զոհ․ 66 կին շահագործվել է սեռական նպատակներով, 5 տղամարդ՝ հարկադիր աշխատանքի։
Նույն տարում հրապարակվել է նաև Եվրոպայի խորհրդի Մարդկանց առևտրի դեմ պայքարի փորձագիտական խմբի (GRETA) հերթական զեկույցը, որը գնահատել է 2014-2018 թվականների Ադրբեջանում ԵԽ մարդկանց շահագործման դեմ պայքարի կոնվենցիայի կիրառման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Թեև խումբը ողջունել է կատարված որոշակի աշխատանքները՝ օրենսդրական շտկումներ, մասնագետների պատրաստում, զոհերի նույնացում և այլն, սակայն արձանագրել է, որ մի շարք հարցեր շարունակում են անհանգստություն առաջացնել: GRETA-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել տեսչական մարմինների միջոցով կանխարգելել աշխատանքային շահագործման նպատակով մարդկանց առևտուրը, միջոցներ ձեռնարկել զոհերին բացահայտելու ուղղությամբ:
2023 թվականին GRETA-ն նոր զեկույց է հրապարակել, ըստ որի՝ որոշակի առաջընթաց նկատվել է, սակայն իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ։ Փորձագետները հորդորել են մարդկանց առևտրից տուժածների համար ապահովել իրավական աջակցության հասանելիություն և ներդնել փոխհատուցման մեխանիզմներ:
Ընդգծվել է, որ Ադրբեջանը մարդկանց առևտրի զոհերի ծագման երկիր է, և 2018-2022 թվականների ընթացքում հայտնաբերվել է 472 տուժած՝ գրանցելով աճ նախորդ հաշվետու շրջանի համեմատ: Արձանագրվել է, որ դեպքերի 94 տոկոսը սեռական շահագործման ենթարկված կանայք են: Տուժածներից 9-ը եղել են անչափահասներ: Մեծ մասն Ադրբեջանի քաղաքացիներ են, ովքեր շահագործման են ուղարկվել հիմնականում Թուրքիա, Ռուսաստան և Իրան: Ընդհանուր առմամբ՝ 2005-2022 թվականներին Ադրբեջանում արձանագրվել է մարդկանց թրաֆիքինգի հետ կապված հանցագործության 1916 դեպք։ Քրեական պատասխանատվության է ենթարկվել 607 մարդ, բացահայտվել է 1165 զոհի ինքնություն։
ԱՄՆ Պետդեպարտամենտի 2024 թվականի զեկույցում կրկին շեշտվել է, որ Ադրբեջանի կառավարությունը «չի համապատասխանում մարդկանց առևտրի վերացման նվազագույն չափանիշներին և էական ջանքեր չի գործադրում դրա համար»։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդկանց առևտրի վերաբերյալ վիճակագրության աղավաղմանը, խնդրի իրական պատկերի մասին բարձրաձայնողների նկատմամբ ճնշումներին, այդ երկրում մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին միջազգային կազմակերպությունների հայտարարություններին՝ ադրբեջանցի պաշտոնյաներն ու տեղի լրատվամիջոցներն են պարբերաբար անդրադարձել մարդկանց առևտրի պատճառներին ու ծավալներին: Օրինակ՝ Միլլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Քերիմլին մտահոգություն է հայտնել երկրում հյուրատների աճի կապակցությամբ՝ նշելով, որ զբոսաշրջային գործունեություն իրականացնելու համար լիցենզիա չի պահանջվում, պետական հատուկ վերահսկողություն չկա, ինչի հետևանքով հյուրատնային գործունեության ոլորտում նկատվում են բացասական բնույթի անվերահսկելի երևույթներ, առաջին հերթին՝ մարդկանց թրաֆիքինգ։
Հաշվի առնելով անհանգստացնող վիճակագրությունը՝ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ, Ադրբեջանում շարունակել է մարդկանց առևտրի զոհ դարձած կանանց աջակցության ծրագրերը՝ նրանց համար կազմակերպելով մենեջմենթի, համակարգչային գրագիտության և հաշվապահական հաշվառման դասընթացներ: Ուսուցումն իրականացվել է USAID-ի ֆինանսավորմամբ՝ մարդկանց առևտրի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում աջակցելով նաև աշխատանքի տեղավորման, անշարժ գույքի ձեռքբերման հարցերում:
Փաստորեն՝ ի թիվս Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ «միջոցների»՝ մարդկանց առևտուրն այդ երկրում շարունակում է մնալ անհանգստացնող: Սակայն, հաշվի առնելով մարդկանց առևտրի կանխարգելման և հետևանքների մեղմման հարցում Ադրբեջանին տասնամյակներ շարունակ աջակցող կազմակերպությունների հանդեպ Բաքվի վերաբերմունքը, այդ թվում՝ դրանց գործունեության դադարեցումը, ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական իշխանությունները մտադիր չեն իրական պայքար մղել մարդու իրավունքների ոլորտում չարիք համարվող այս երևույթի դեմ: