Կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները․ ԱԺ-ում ներկայացվել է 2024 թվականի կատարողականը

 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Նախարարն անդրադարձել է կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին և արձանագրված արդյունքներին:

Կրթության հասանելիություն և կրթության իրավունքի իրացում

Անդրադառնալով նախադպրոցական կրթության հասանելիությանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ՀՀ բոլոր բնակավայրերում երեխաները պետք է հնարավորություն ունենան ներգրավվելու նախադպրոցական կրթության համակարգում։ ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված այս կարևոր թիրախին հասնելու նպատակով իրականացվում է 500 մանկապարտեզի հիմնման և կառուցման ծրագիրը, որի արդյունքներն արդեն տեսանելի են կոնկրետ ցուցանիշներով։ Մասնավորապես՝ եթե 2017 թվականին նախադպրոցական կրթության համակարգում ընդգրկված է եղել 3-5 տարեկան երեխաների 56%-ը, ապա 2024 թվականին այս ցուցանիշն աճել է 20%-ով և այժմ կազմում է շուրջ 75%:

«Տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ եթե երեխան առնվազն մեկ տարի ներգրավված է լինում նախադպրոցական կրթության մեջ, ապա նրա հետագա կրթական արդյունքը դպրոցում շատ ավելի բարձր է լինում: ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով ամրագրված է, որ  2030 թվականին նախադպրոցական կրթության առնվազն մեկ տարին պետք է դառնա պարտադիր»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

500 մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ծրագրի ընթացքի մասին

Ներկայացնելով ՀՀ կառավարության՝ 500 մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ծրագիրը՝ նախարարը նշել է, որ աշխատանքներն ավարտվել են 195 նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որոնցից 125-ը գտնվում է գյուղական բնակավայրերում։ 136-ում հաստատությունում շինարարությունն ընթացքի մեջ է, իսկ 64-ում իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ։

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ծրագրի ավարտին ավելի քան 33 հազար երեխաներ կունենան բարեկարգ պայմաններում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն:

2024 թվականին լիցենզավորվել է 87 մասնավոր նախակրթարան

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև նախադպրոցական հաստատությունների, մասնավորապես՝ մասնավոր դաշտում գործող ծառայությունների լիցենզավորման ուղղությամբ  ԿԳՄՍՆ կողմից իրականացված աշխատանքները:

Նրա խոսքով՝ վերջին 2 տարիներին 155 կազմակերպություն է լիցենզավորվել, դրանից 87-ը՝ 2024 թվականին:  Նման կազմակերպությունները նախկինում գործել են որպես ծառայություն մատուցողներ՝ առանց համապատասխան լիցենզիայի և, ըստ էության, ԿԳՄՍՆ վերահսկողության տիրույթում չեն գտնվել։

«Այսպիսով նաև կրթության որակի վերահսկողության երաշխիքներ են ստեղծվում, քանի որ ավելի քան 8200 երեխաներ հաճախում են նման հաստատություններ: Սա ինչ-որ առումով ստվերից դուրս գալու գործընթաց է, որովհետև այս երեխաների ցուցանիշները չէին արտացոլվում նաև վիճակագրության մեջ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ լիցենզավորման գործընթացը նախադպրոցական կրթության ավելի ամբողջական պատկեր է ապահովում։

Մսուրի ծառայության հասանելիության մասին

Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝  կարևորագույն խնդիր շարունակում է մնալ մսուրի ծառայության հասանելիությունը: Նախարարը հիշեցրել է՝ ՀՀ կառավարությունը հաստատել է փորձնական ծրագիր, որով  6 ամսականից 1 տարեկան երեխաների համար Երևանում, Գյումրիում և Վանաձորում մսուրի փորձնական ծառայություն է գործարկվում: Փորձարկումից հետո ծրագիրը նախատեսվում է ներդնել  բոլոր խոշորացված համայնքներում:

9-րդ դասարանից հետո կրթությունը շարունակելու և 12-ամյա կրթության պարտադիր պահանջի մասին

Անդրադառնալով դպրոցական կրթությանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ պարտադիր կրթության մեջ ներգրավվածության առումով  առաջընթաց է գրանցվել: Մասնավորապես՝ եթե 2018 թվականին պարտադիր կրթության մեջ ներգրավվածությունը կազմել է 72%, ապա 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել է շուրջ 88%։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ամենախնդրահարույց խումբը 9-րդ դասարանից հետո կրթությունը չշարունակող երեխաներն են: 2017 թվականին ավագ դասարաններում կրթությունը շարունակել է 9-րդ դասարանի շրջանավարտների 54%-ը, այսինքն՝ գրեթե կեսն ավագ դասարաններում կամ ուսումնարանում և քոլեջում կրթությունը չի շարունակել:

Վերջին՝ 2023/2024 ուսումնական տարվա տվյալներով՝ 9-րդ դասարանն ավարտել և վկայական է ստացել շուրջ 39 հազար երեխա, որոնցից ավելի քան 24 հազարը կրթությունը շարունակել է ավագ դպրոցում, իսկ ավելի քան 12 հազարը՝ քոլեջներում և ուսումնարաններում: Ընդ որում՝ 9-րդ դասարանից հետո քոլեջներում  և ուսումնարաններում կրթությունը շարունակողների ցուցանիշն ընդհանուր շրջանավարտների շրջանում կազմել է շուրջ 30,1 %:

«Այս դրական ցուցանիշը փաստում է, որ մասնագիտական կողմնորոշումն ու ավելի նպատակաուղղված կրթության շարունակությունը դառնում են ավելի տիրապետող վարքականոն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ընդունելության աճ քոլեջներում և  ուսումնարաններում

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում 2024 թվականին գրանցվել է ընդունելության ավելի քան 11,4% աճ՝ 2023 թվականի համեմատ: Ներկայում ՄԿՈՒ համակարգում սովորում է շուրջ 45 հազար ուսանող: Նախարարը նաև անդրադարձել է արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության մասնագիտություններով պետության կողմից ներդրված ամսական 50 հազար դրամ կրթաթոշակային ծրագրին, որը, ըստ Ժաննա Անդրեասյանի, էական ազդեցություն է ունեցել ընդունելության արդյունքների վրա։

«2024/25 ուսումնական տարում վերոնշյալ ուղղություններով 988 ուսանող ընդունվել է արհեստագործական ծրագրերով. նախորդ տարվա համեմատ՝ այս թիվն աճել է ավելի քան 123%-ով: 717 ուսանող էլ ընդունվել է միջին մասնագիտական ծրագրերով՝  աճը՝ 61%: Ըստ կրթաթոշակային ծրագրի համար սահմանված կարգի՝  նշված մասնագիտություններով առաջին կուրս ընդունված բոլոր ուսանողները ստանում են կրթաթոշակ։ Սակայն հաջորդ ուսումնական տարվանից սկսած՝ կրթաթոշակ են ստանում միայն առաջադիմության որոշակի շեմ ապահովող ուսանողները»,- ներկայացրել է նախարարը։

Ավագ դպրոցների շրջանավարտների 52,3%-ն ընդունվել է բուհեր

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ավագ դպրոցների շրջանավարտների 52,3%-ը՝ ավելի քան 10 հազար շրջանավարտ, ընդունվել են բուհեր: Խոսքը վերաբերում է միասնական և ներբուհական ընդունելություններին: Նրանց մեծ մասը՝ 61%-ը, պետության կողմից վճարի փոխհատուցմամբ սովորում է բնագիտամաթեմատիկական ուղղություններով:

Պետության կողմից գերակա ճանաչված բնագիտական մանկավարժության ծրագրերով, որտեղ գործում է ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ, 2024-2025 ուսումնական տարում բուհեր է ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարում ընդունվածներից 21%-ով ավելի։ Այս քաղաքականությունը տարածվել է նաև ագրարային ոլորտի մասնագիտությունների վրա։

Մշակութային կրթության տարվա շրջանակում թանգարաններ և թատրոններ է այցելել շուրջ 300 հազար աշակերտ

Մարդու իրավունքների իրացման համատեքստում Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ ընդգծել է մշակութային կյանքին և ծառայություններին հասանելիության կարևորությունը. «Կառավարության ծրագրով կարևորվում է մշակութային կյանքի և ծառայությունների ապակենտրոնացումը։ Նախորդ տարի այս նպատակով կազմակերպվել են երաժշտական 9 փառատոներ՝ ավելի քան 73 հազար հանդիսատեսի մասնակցությամբ, թատերական 3 տարբեր փառատոներ՝ շուրջ 14 հազար հանդիսատեսի ընդգրկմամբ»-,- ասել է նախարարը՝ հավելելով, որ տարատեսակ փառատոներ են կազմակերպվել նաև ոչ նյութական մշակութային ժառանգության ուղղությամբ:

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ 2024/25 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի։ Բոլոր մարզերում իրականացվել են առանձին արշավներ՝ մշակութային էքսպոների ձևաչափով, որոնք, ընդհանուր առմամբ, շուրջ 27 հազար այցելու են ունեցել:

Բաժանորդային ծրագրով թանգարաններ և թատրոններ են այցելել շուրջ 300 հազար աշակերտներ

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև դպրոցական բաժանորդային ծրագրին և նշել՝ մշակութային կրթության տարվա շրջանակում թանգարաններ և թատրոններ է այցելել շուրջ 300 հազար աշակերտ: Սա 30%-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը և ընդգրկում է դպրոցներում սովորողների շուրջ 70%-ը:

«Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում ենք պահում նաև ներառականությանն ուղղված ծրագրերը, որի շրջանակում ունենք նոր նախաձեռնություններ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Մասսայական սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումներ

Անդրադառնալով առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության շուրջ իրականացված աշխատանքներին՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող մասսայական միջոցառումները:

«Այս խորագրի ներքո 5 խոշոր մասսայական մրցաշարեր են կազմակերպվում, որոնց նախորդ տարի ավելի քան 9600 մարդ է մասնակցել․ 48%-ով ավելի՝  2023 թվականի համեմատ: «ՀՀ վարչապետի գավաթի» ևս երկու մրցաշարեր՝ սեղանի թենիս և հեծանվավազք մարզաձևերից, նախորդ տարվանից անցկացվում են միայն դպրոցականների համար․ դպրոցների առնվազն 30% մասնակցության ցուցանիշ է ամրագրվել:  Հեծանվավազքի մրցումներն անցկացնելու նպատակով էլ ավելի քան 6000 հեծանիվներ են ձեռքբերվել և բաժանվել  դպրոցներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ նորակառույց դպրոցներն ապահովվում են մարզական  նոր գույքով: Այս տարի մեկնարկել է դպրոցական բասկետբոլի լիգան, անցկացվում են մասսայական սպորտի միջոցառումներ՝ սպարտակիադաներ, գիմնազիադաներ, ուսանողական խաղեր. դրանց մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ:

1,4 մլրդ դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների կրթաթոշակային ծրագրին

Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար մեկնարկած աջակցության ծրագրերը:  Ըստ նրա՝ շուրջ 17 հազար երեխայի համար ապահովվել է հանրակրթության հասանելիություն։ Միաժամանակ, բուհերի և քոլեջների ուսանողների համար իրականացվել են առանձին կրթաթոշակային ծրագրեր:

ՀՀ կառավարության 2024 թ. համապատասխան որոշմամբ առաջին կուրս ընդունվածների համար գործում է  կրթաթոշակային ծրագիր։ Բուհերի ավելի քան  1700, իսկ  քոլեջների 1400 ուսանողների համար պետությունը տրամադրել է 1,4 մլրդ դրամ ուսման վարձի փոխհատուցում:

Ուսուցիչների օժանդակության ծրագրով հնարավորություն է տրվել ԼՂ-ից տեղահանված մասնագետներին արտամրցութային կարգով աշխատանքի անցնել  ՀՀ մարզերի դպրոցներում:

«Մասնավորապես՝ մարզերի դեպքում երկու տարի շարունակ հավելավճարի հնարավորություն է գործում: Իսկ Սյունիքի, Վայոց ձորի, ինչպես նաև Գեղարքունիքի և Տավուշի որոշ համայնքների դպրոցներում, բացի 30 տոկոս հավելավճարից, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները նաև ամսական 50 հազար դրամ լրավճար ստանալու հնարավորություն ունեն։  Լրավճարների համար բյուջեից տրամադրվել է 168 մլն դրամ»,- ասել է նախարարը և հայտնել, որ 2024 թ. ՀՀ դպրոցներում աշխատանքի է անցել շուրջ 600 ուսուցիչ:

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի տրամադրմանը:

«298 կրթական հաստատությունների 31 հազար դասագիրք է տրվել՝ ներառյալ Վրաստանի հայկական դպրոցները: Ծրագրի ֆինանսավորման ծավալները վերականգնել են, և այս պահին  ընդունվում են դասագրքերի հայտեր: Ձևավորվել է նաև առանձին էլեկտրոնային հարթակ, որտեղ բոլոր նյութերը, այդ թվում դասագրքերը՝ հասանելի են նաև առցանց»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ վերանայվել է դասագրքերի ցանկը՝ ըստ դպրոցների առանձնահատկությունների:

Նրա իրազեկմամբ՝ սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագրով նախորդ տարի մեկամյսա վերապատրաստում է անցել 14 երկրի 60 ուսուցիչ:

Նախորդ տարվա ձեռքբերումներից նախարարն առանձնացրել է հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման ծրագիրը: Ըստ նրա՝ ծրագրի նպատակն է մշակել հայերենի ստուգման չափորոշիչները և ունենալ առցանց գնահատման համակարգ՝ ստուգելու հայերենի իմացության մակարդակը:

Ներկայացվել է նաև միգրանտ ընտանիքների հայերենի ուսուցման բարելավման ծրագիրը, որով առանձին դասընթացներ են իրականացվում՝ նպաստելով նրանց ինտեգրմանը։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանել է նաև հանձնաժողովի անդամներին հարցերին՝ անդրադառնալով  մի շարք այլ թեմաների:

 

Spread the love