Ի՞նչ հետեւանքներ կունենա գազի գնի աճը. մեկնաբանում են տնտեսագետները

Գազի սակագինն ապրիլի 1-ից սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ։

NEWS.am-ի հետ զրույցում տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ սակագնի բարձրացումը յուրաքանչյուր ապրանքի ինքնարժեքի գնի որոշակի բարձրացում է նախատեսում։

Մանասերյանի կարծիքով՝ երկրում տնտեսական  մեծ փոփոխություն չի նախատեսվում, քանի որ գազի գինը տարածաշրջանում համադրելի վիճակում է գտնվում։

«Դա պետք է Ռուսաստանի Դաշնության գազային դիվանագիտության տեսանկյունից։ Տվյալ պարագայում գազը ոչ միայն տնտեսական կատեգորիա պետք է դիտարկել, այլ նաեւ քաղաքատնտեսական։ Կարծում եմ՝ Ռուսաստանն իր ազգային-պետական շահերի տեսանկյունից վարում է այն քաղաքականությունը, որը նպաստավոր է իր երկրի համար։ Մենք եւս պետք է ունենանք ազգային օրակարգ, եւ մտածենք, թե ինչպես պետք է հասնել այն խնդիրներին, որոնք մեր առջեւ դրված են»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։

NEWS.am-ի հետ զրույցում «Գործատուների հանրապետական միության» նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն ասաց՝ այն ձեռնարկությունները, որոնք ավելի էներգատար են, այսինքն՝ ավելի շատ են օգտագործում էներգակիրներ, այդ թվում՝ գազ, նրանց ծախսերը կավելանան.

«Այդ ընկերություններն ունեն երկու ճանապարհ։ Մի ճանապարհն այն է, որ իրենց արտադրանքների գները չփոփոխեն, այսինքն՝ պահեն մրցակցությունը, այդ դեպքում իրենց եկամտաբերությունը կնվազի։ Հաշվի առնելով, որ շատ ապրանքների գներ են թանկանում, նաեւ ընդհանուր տնտեսության մեջ գնաճի տենդենց կա, ապա դա հիմնականում կարող է բերել որոշակի թանկացումների, որը կարող ենք նույնիսկ չնկատել։ Օրինակ՝ հացամթերքի ոլորտում, թխվածքների արտադրություններում, պահածոների ոլորտում. որտեղ շատ են օգտագործում գազ։ Հանքարդյունաբերության մեջ կարող են թանկացումներ չլինել, որովհետեւ այդ ոլորտում հանքանյութերի գներն արդեն որոշված են, հիմնականում գներն այնպիսին են, որ ծախսերի մեջ կարող են տեղավորվել»։

Նշենք, որ ՀԾԿՀ–ի որոշմամբ՝ սոցիալապես անապահով ընտանիքների սպառողների համար գազի գինը կմնա անփոփոխ` 1խմ–ի դիմաց` 100 դրամ/հազար խմ։ Հանձնաժողովի որոշմամբ, որոշ արտոնություններ են սահմանվել գյուղոլորտի տնտեսվարողների համար։ Մասնավորապես` ջերմոցային տնտեսությունների համար սահմանվել են սեզոնային զեղչեր, այսպես` ջեռուցման սեզոնին` նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը նրանք 1000 խմ–ի դիմաց կվճարեն 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (1խմ–ի դիմաց շուրջ 114 դրամ` ըստ այդ պահին դոլարի փոխարժեքի)։ Տարվա մնացած ամիսներին ջերմոցային տնտեսություները կվճարեն ՀՀ շարքային պառողների պես` 1 խմ–ը 143.7 դրամ սակագնով։

https://news.am/arm/news/689286.html#:~:text=%D4%B1%D5%A3%D6%80%D5%A5%D5%AC%20%D5%A7%D6%80%2C%20%D5%B8%D5%BE%D5%A5%D5%AC%D5%AB,%D5%A2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%BD%D5%B8%D6%81%D5%AB%D5%A1%D5%AC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8%D6%89
Spread the love