ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ) և Հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողովը:
Աշխատաժողովն ուղղված էր հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանը, հակաբուլինգային միջոցառումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավմանը։
Ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով անվտանգ, բուլինգից ու բռնությունից զերծ միջավայրի ապահովումը կրթության որակի և արդյունավետության բարձրացման տեսանկյունից՝ հույս հայտնելով, որ բարձրացվող հարցերն ու քննարկումները կնպաստեն հիմնախնդիրների լուծմանը։
«Կրթության բարեփոխումների շրջանակում շարունակաբար խոսում ենք կրթության որակի բարձրացման մասին, բայց կրթության որակը չի կարող պայմանավորված լինել միայն կրթության բովանդակությամբ: Շատ կարևոր է նաև դպրոցի միջավայրը, որտեղ երեխան իրեն զգում է ապահով, անվտանգ և կարողանում է ցուցաբերել բավարար առաջադիմություն»,- ասել է նախարարի տեղակալը` հավելելով, որ բռնության վերաբերյալ դպրոցներից ստացվող ահազանգերն ու բողոքները փաստում են՝ խնդիրն արդիական է:
Նախարարի տեղակալի խոսքով` մտահոգիչ է հատկապես, որ ահազանգեր կան նաև նախադրրոցական ուսումնական հաստատություններից: Ապահով և բռնությունից զերծ կրթական միջավայրի ապահովումը կրթության գործընթացում ներգրավված բոլոր կողմերի առաջնային խնդիրն է, և այստեղ լուրջ դերակատարում պետք է ունենան հոգեբանները: Արաքսիա Սվաջյանը նշել է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում հոգեբանների պարտադիր հաստիքներ են ներդրվել, սակայն առկա է կադրային ռեսուրսի խնդիր:
«Դպրոցում հոգեբանն ամենակարևոր գործառույթներ իրականացնող մասնագետներից մեկն է: Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը բազմաթիվ աշխատանքներ է իրականացնում՝ հոգեբանների գործառույթների շրջանակը նկարագրելու, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Համաշխարհային բանկի, միջազգային և տեղական այլ գործընկերների հետ համագործակցությամբ մեթոդական աջակցություն ցուցաբերելու և այս օղակում կարողությունների զարգացման ծրագրեր իրականացնելու նպատակով։
Դեռևս ունենք հոգեբանների համալրման խնդիր. դպրոցներում առկա են շուրջ 800 հոգեբանների ազատ հաստիքներ։ Հոգեբաններ չկան հիմնականում գյուղական բնակավայրերի դպրոցներում, որոնցում մասնագիտական ռեսուրսների խնդիրն ավելի լուրջ է: Պարբերաբար հետևում ենք թափուր հաստիքների համալրման վիճակագրությանը՝ զուգահեռաբար փորձելով համալրել հոգեբանների հաստիքները տարբեր ծրագրերով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նրա խոսքով` համընդհանուր ներառական կրթության շրջանակում բազմաթիվ համայնքների մանկապարտեզներում ներդրվել են մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ։ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները կցված են բոլոր ուսումնական հաստատություններին, բայց միշտ չէ, որ ՏՄԱԿ-ի մասնագետը կարողանում է արագ արձագանքել, ժամանակին տեղում լինել, ուստի հաստատության ներսում մասնագետների առկայությունը կարևոր է` դեպքերի վաղ հայտնաբերման և կանխարգելելման աշխատանքների արդյունավետության տեսանկյունից
Նախադպրոցական կրթության համակարգում համընդհանուր ներառականության ներդրումից հետո ավելացել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը։
«Իրականում ոչ թե թիվն է ավելանում, այլ երեխաները հայտնաբերվում են. եթե 2023թ․ նախադպրոցական համակարգում հաշվառված էր կրթության առանձնահատուկ կարիքով մի քանի հարյուր երեխա, ապա 2024 թ․ շուրջ 1700 երեխաներ նախադպրոցական կրթության ոլորտում ստանում են մանկավարժահոգեբանական աջակցություն: Իսկ սա նշանակում է, որ մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետները տեղերում աշխատում են, աջակցություն են տրամադրում երեխաներին, նրանց ծնողներին, մանկավարժներին, որը ամենակարևոր ուղղություններից է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նա նաև հավելել է, որ նախատեսվում է անցկացնել ՏՄԱԿ մասնագետների ատեստավորում. համապատասխան կարգն արդեն շրջանառության մեջ է, որը շուտով կհաստատվի, և կմեկնարկի նաև հայտագրման գործընթացը:
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրել է Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից իրականացված ընթացիկ և նախատեսվող աշխատանքները` անդրադառնալով դպրոցներում բարենպաստ միջավայր ապահովելու, բուլինգի դրսևորումները ժամանակին բացահայտելու և արձագանքելու խնդրին:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին էլ նկատել է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է բուլինգի դեմ պայքարին՝ խնդիրը կարևորելով երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
Աշխատաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, կրթության ոլորտի մի շարք մասնագետներ: