Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Նովալիս 250» գեղարվեստական ինստալյացիայի և Վասիլի Կորգանովի (Բարսեղ Ղորղանյան) հավաքածուի գերմաներեն վավերագրերի ժամանակավոր ցուցադրության բացումը։
Գերմանական ռոմանտիզմի մեծագույն բանաստեղծ Նովալիսին նվիրված միջոցառումը կազմակերպվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Արվեստի հիմնադրամի և գծանկարիչ Սեբասթիան Գերսթենգարբեի հետ համագործակցության շրջանակում։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Արթուր Մարտիրոսյանը, ինչպես նաև պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Ռայներ Ռոբրան:
Ողջունելով ներկաներին և կարևորելով նախաձեռնությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է՝ Հայաստանի և Գերմանիայի համագործակցությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ մշակույթի բնագավառում, մեծ տեմպով զարգանում է: Այս համատեքստում նախարարի տեղակալը շեշտել է, որ նախորդ ամիս Լայպցիգում բացվել է հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հուշատախտակը, տեղի է ունեցել «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը՝ նվիրված Իսահակյանի ծննդյան 150-ամյակին:
«Գրականության և արվեստի թանգարանում գերմանացի բանաստեղծ Նովալիսին նվիրված այս ցուցադրությունը ևս վկայում է մշակութային երկխոսության ուժի և մեր ազգային ժառանգության հանդեպ շարունակական հետաքրքրության մասին։ Սա մի համագործակցություն է, որը նոր հնարավորություններ է բացում մշակութային կապերի զարգացման համար»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին համագործակցության համար:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը ծավալվում է Հայաստան-Գերմանիա ուղիղ կապի, ինչպես նաև Հայաստան- Եվրոպական միություն բազմակողմ օրակարգի շրջանակում: Նրա գնահատմամբ՝ Գերմանիայի՝ որպես ԵՄ առաջատար երկրի փորձը կարևոր է Հայաստանում տարբեր ուղղություններով ընթացող բարեփոխումների արդյունավետ իրականացման տեսանկյունից:
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Ռայներ Ռոբրան ևս կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների կայուն զարգացումը և շնորհավորել համատեղ նոր նախաձեռնության առիթով, որը, ըստ նրա, Հայաստանի և Գերմանիայի կապերն ամրապնդող ևս մեկ նախապայման է:
Նշենք, որ հայ երաժշտագետ, հրապարակախոս, հավաքորդ Վասիլի Կորգանովի (Բարսեղ Ղորղանյան) երաժշտական ժառանգությունն արժեքավոր ներդրում է ոչ միայն հայ, այլև եվրոպական երաժշտագիտական պատմության մեջ։
Կորգանովը եվրոպական երաժշտական աշխարհում ճանաչվել է որպես խոշորագույն բեթհովենագետ, նա գրել է նաև բազմաթիվ աշխատություններ Վերդիի, Մոցարտի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների մասին։ Արժեքավոր են նրա գրած հոդվածները՝ նվիրված հայկական և վրացական ժողովրդական երաժշտությանը։
ԳԱԹ-ում է պահվում Վ.Կորգանովի մեծածավալ, բազմաթիվ աժեքավոր վավերագրերով հարուստ անձնական արխիվը, որոնցում առկա են նաև եվրոպական աճուրդներից ձեռք բերված բացառիկ և համաշխարհային արժեք ունեցող վավերագրեր: Դրանցից են՝ Մոցարտի նամակը, Նապոլեոնի հրաժարականի փաստաթուղթը, Ռոմանովների դինաստիայի ցարերի և ռազմական գործիչների փաստաթղթերը և այլն։