ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա՝ նախ նշեց, որ արտահանման վրա ազդեցությանը կարող է անդրադառնալ Էկոնոմիկայի նախարարությունը:
«Մենք հետևում ենք իրադարձություններին, բնականաբար, չի կարող ազդեցություն չունենալ, վաղ է գնահատական տալը, ընթացքից պարզաբանումներ կլինեն։ Ես կարող եմ պատասխանել այն հարցերին, որոնք վերաբերում են Ֆինանսների նախարարության իրավասությանը»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։
Հարցին, թե Հայաստանի համար կարո՞ղ է ստեղծվել ճգնաժամ, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ ամեն օր հետևում են իրավիճակին. «Դուք տեսնում եք, որ ամեն օր իրավիճակ է փոխվում, մենք պետական բյուջեի թե՛ եկամտային, թե՛ ծախսային կողմին հետևելով՝ հայտարարելու ենք անելիքների մասին։ Պետական բյուջեի մասին օրենքն է նախատեսում այն ապահովության բարձիկը, որը կառավարությունը պետք է օգտագործի համապատասխան իրավիճակներում։ Նախ, դա պահուստային ֆոնդն է, որը կառավարությունը 2022 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել է և օգտագործում է այնպիսի հարցերի կարգավորման համար, որոնք առաջանում են չկանխատեսված հանգամանքներում։
Մենք ընթացքից կներկայացնենք բոլոր այն անելիքները, որոնք Ֆինանսների նախարարության իրավասության սահմաններում պետք է քննարկվեն և ապահովեն համապատասխան որոշումներով»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։