Նեթանյահուն Մակրոնի հետ զրույցում դեմ է արտահայտվել պաղեստինյան պետության ստեղծմանը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում դեմ է արտահայտվել Պաղեստին պետության ստեղծմանը, գրում է Times of Israel-ը՝ վկայակոչելով Նեթանյահուի գրասենյակը։

Հաղորդվում է, որ Նեթանյահուն ասել է Մակրոնին, որ պաղեստինյան պետությունը «ահաբեկչության համար հսկայական պարգև» կլինի՝ նշելով, որ ոչ մի պաղեստինյան պաշտոնյա, այդ թվում՝ Պաղեստինի ինքնավարությունից, չի դատապարտել ՀԱՄԱՍ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված ջարդը։

«Վարչապետը Ֆրանսիայի նախագահին ասել է, որ իսրայելական քաղաքներից մի քանի րոպե հեռավորության վրա հիմնված պաղեստինյան պետությունը կդառնա իրանական ահաբեկչության ամրոցը, և որ Իսրայելի հանրության ճնշող մեծամասնությունը կտրականապես դեմ է դրան, և դա նաև նրա հետևողական և երկարամյա քաղաքականությունն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Անցյալ շաբաթ Մակրոնն ասել էր, որ Փարիզը կարող է առաջիկա ամիսներին ճանաչել Պաղեստինի պետությունը: Նեթանյահուի որդին՝ Յաիրը, Մակրոնի հայտարարությունից հետո թվիթերյան գրառում է արել՝ Մակրոնի հասցեին գրելով. «Գնա գրողի ծոցը»: Որդու հայտարարությունները քննադատելիս Նեթանյահուն, այնուամենայնիվ, պաշտպանել է Յաիրի կարծիքը։

Spread the love