Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը Բաքվից սպառնացել է Հայաստանին։
«Հայաստանը պետք է խելքի գա։ Սա առաջին բանն է, որ պետք է անել»,- մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարին։
Նա նշել է, որ «Միասնական Հայրենիք» շարժման շնորհիվ Ղարաբաղում հաղթանակ է տարվել»։ «Շուշայում (հայկական օկուպացված Շուշի քաղաքի ադրբեջանական անվանումը) ծածանվում է Ադրբեջանի եռագույն դրոշը։ Հայաստանն առաջիկայում պետք է հաշտվի իրականության հետ եւ ընդունի այս փաստերը եւ հնարավորինս շուտ սեղմի Ադրբեջանի մեկնած ձեռքը։ Մոտ ապագայում պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, եւ խաղաղությունը պետք է գա տարածաշրջան։ Սա է մեր նպատակը։ Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերն ապարդյուն ջանքեր են։ Դրանով ոչնչի չեն հասնի»։
Հիշեցնենք, որ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին կողմերի հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանն սկսել է խախտել հրադադարի ռեժիմը եւ հընթացս մեղադրել Հայաստանին գնդակոծություններում։