Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված տնային տնտեսությունների 2023թ. գնահատումը տրամադրում է հարցված տեղահանված բնակչության ժողովրդագրական միտումների, տեղահանման ձեւերի, սոցիալ-տնտեսական պայմանների, կենսապայմանների, անմիջական կարիքների եւ կենսապահովման ծրագրերի համապարփակ պատկերը: Այս մասին նշվել է Relief Web մարդասիրական տեղեկատվական ծառայության զեկույցում, որը տրամադրել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:
Ինչպես նշվել է զեկույցում, կազմակերպության հարցման մեջ ընդգրկվել են միջին տարիքի հարցվածներ, որոնց թվում ավելի շատ կանայք են (62 տոկոս), քան տղամարդիկ (38)։
Հարցվածների գրեթե կեսը (45 տոկոս) տնային տնտեսությունների մեծերն են: Ամենատարածվածը երեք եւ ավելի երեխա ունեցող տնային տնտեսություններն են, որոնք կազմում են հարցվածների 81 տոկոսը: Մինչեւ 18 տարեկան երեխա չունեցող տնային տնտեսությունները գործնականում գոյություն չունեն, ինչը վկայում է երիտասարդ խնամակալների զգալի ներկայության մասին, ընդգծվել է փաստաթղթում։
Ընտրանքի մեծ մասը բաղկացած է 5-ից ավելի հոգուց բաղկացած բազմազավակ ընտանիքներից (81տոկոս) եւ թոշակառու ունեցող տնային տնտեսություններից (44 տոկոս):
2024թ. դեկտեմբերին անցկացված հարցումն ընդգծել է, որ հղի եւ կերակրող մայրերը (9 տոկոս) եւ մենակ տնային տնտեսությունները վարողները (7 տոկոս) բնակչության այլ հիմնական խոցելի խմբերն են։ Տեղահանված տնային տնտեսությունների մեծամասնությունը (90 տոկոս) իր հիմնական կարիքները բավարարելու համար ապավինում է կառավարության աջակցությանը, ինչն ընդգծում է բնակչության շարունակական տնտեսական խոցելիությունը: Հարցվածների 66 տոկոսի համար սննդամթերքը մնում է գլխավոր կարիքը, որին հաջորդում են կենցաղային իրերը եւ հագուստը/կոշիկը (յուրաքանչյուրը՝ 36 տոկոս) եւ կոմունալ ծախսերը (31):
«Չնայած կենսապահովման ծրագրերի միջոցով ավելի երկարաժամկետ լուծումներ են պահանջվում, պարզ է, որ վաուչերների վրա հիմնված աջակցությունը դեռեւս անհրաժեշտ է հրատապ խնդիրների լուծման համար, ինչպիսին են սննդամթերքը, կենցաղային իրերը եւ կոմունալ ծառայությունները: Հիմնական աջակցության այս շարունակական կարիքն ընդգծում է շարունակական աջակցության կարեւորությունը կենսապահովման ծրագրերի միջոցով ինքնապահովման ձեւավորման ջանքերին զուգահեռ»,- նշվել է փաստաթղթում։