Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ արտադրական մի կոոպերատիվի իրավասու անձինք 2024 թվականի ապրիլից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Արագածոտնի մարզում իրականացրել են խարամի ավազի արդյունահանում:
Պարզվել է, որ կոոպերատիվն ունի Աշտարակի հրաբխային խարամների հանքավայրի 2,7 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից շուրջ 11 հեկտար մակերեսի վրա արդյունահանել է մոտ 13 700 խորանարդ մետր խարամի ավազ և տեսակավորման կետից այն իրացրել շուրջ 41 միլիոն դրամով՝ պետությանը պատճառվելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 383-րդ հոդվածի` ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: