Բացառիկ հետազոտություն, որը վերաբերում է Հայաստանում մանկաբարձական բռնության դրսևորումներին.«Կետ 33»ՀԿ

Այսօր հայալեզու շտեմարանում կա նոր և բացառիկ հետազոտություն, որը վերաբերում է Հայաստանում մանկաբարձական բռնության դրսևորումներին։ «Մանկաբարձական բռնության դրսևորումները Հայաստանում» որական հետազոտությունն իրականացվել է «Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան ՀԿ-ի կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։

 

Նշենք, որ մանկաբարձական բռնությունը կամ ագրեսիան հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանում կնոջ հանդեպ դրսևորոված բռնությունն է։ Այս երևույթն ունի  բազմաթիվ դրսևորումներ՝ ֆիզիկական, հոգեբանական ու վերբալ բռնություն, հարկադրական կամ կնոջ հետ չհամաձայնեցված բժշկական միջամտություններ, գաղտնիության բացակայություն,  ցավազրկողներ տալու մերժում, բուժօգնություն մերժելը բուժառուի վճարել չկարողանալու պատճառով և այլն։

 

Մանկաբարձական բռնության դրսևորումները կարող են բացասաբար են ազդել թե՛ մոր, թե՛ նորածնի վրա՝ խախտելով նրանց իրավունքներն ու նվազեցնելով առողջապահական համակարգի նկատմամբ վստահությունը:

 

Հետազոտությունն իրականացվել է երեք խոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում ու Վանաձորում վերջին 3 տարվա ընթացքում երեխա ունեցած 28 կանանց և 10 բժշկի՝ մանկաբարձ-գինեկոլոգի մասնակցությամբ։ Վեր են հանվել բռնության հետևյալ հիմնական դրսևորումները՝ անտեսվածություն, տեղեկացված համաձայնության իրավունքի խախտումներ, առանց կնոջ համաձայնության երրորդ կամ աջակցող անձի ներկայություն, ցավի նորմալացում, ցավազրկման մերժում, մեկուսիության և գաղտնիության իրավունքի խախտում։

 

«Սա առաջին ու դեռևս միակ հետազոտությունն է, որը վերաբերվում է հայաստանյան իրողություններին։ Այն ցույց տվեց, որ մեր ունեցած կասկածները արժանապատիվ մայրության իրավունքի խախտման  տարբեր դրսևորումների վերաբերյալ, ցավոք,  իրողություն են»,- ասաց «Կետ 33» ՀԿ նախագահ Աստղիկ Կարապետյանը։

 

Որակական տվյալների հիման վրա մշակվել են նաև առաջարկություններ, որոնք ուղղված են մանկաբարձական բռնության դեպքերի կանխմանն ու նվազեցմանը։

 

Հետազոտությունը կարող եք կարդալ այստեղ՝ https://point33.am/wp-content/uploads/2025/03/Մանկաբարձական-բռնություն.pdf

 

 

Spread the love