2022 թվականին ՊԱԳ-ը որոշել է չֆինանսավորել փոխարինող բուժման ծառայությունը. Սուրեն Նազինյան

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրեն շարունակում է բացահայտել Առողջապահության նախարարության աշխատելաոճը։ Իր ֆեյսբուքյան էջում նա նոր գրառում է արել, որում ներկայացրել է, թե ինչպես է կրճտավել օփիոիդային կախվածություն ունեցող պացիենտների փոխարինող բուժման ֆինանսավորումը։

«2009 թվականի հոկտեմբերին Հայաստանում ներդրվեց օփիոիդային կախվածություն ունեցող պացիենտերին փոխարինող բուժման ծրագիրը՝ OSF-ի ֆինանսական աջակցությամբ: 2010 թվականի գարնանն OSF-ը դադարեցրեց ֆինանսավորումը և ծրագիրն սկսեց ֆինանսավորել Առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամը:

Արդեն 2021 թվականին գիտեինք, որ Գլոբալ հիմնադրամը 2023 թվականից ֆինանսավորումը դադարեցնելու է, և պլանավորվել էր ծրագրի ֆինանսավորումն իրականացնել պետական պատվերով: Պետական պատվերը պետք է կազմեր նույն չափ՝ շուրջ 60 միլիոն ՀՀ դրամ տարեկան:

Առաջարկվել էր իմ կողմից, որ ֆինանսավորումն իրականացվեր դեպքերով՝ «քեյսերով»: Առավել մատչելի ասած՝ ՀՀ առողջապահության նախարարություն-ը պետք է յուրաքանչյուր պացիենտի համար 4 հաստատության՝ մեր կենտրոնին և 3 մարզային հոգեկան առողջության կենտրոններին, տարեկան տրամադրեր մոտ 150 հազար դրամ: Այս կարևորագույն և խիստ արդյունավետ ծառայության համար մեկ պացիենտի հաշվարկով տարեկան 150 հազար դրամը ավելի քան էժան է և խիստ ծախսարդյունավետ:

Բացի այդ, ինչու «քեյսերով», այլ ոչ թե պահպանման ծախսով. նպատակն էր, որ հաստատությունները շահագրգռված լինեին ավելացնել բուժվող պացիենտների թիվը:

Սկսած 2021 թվականի աշնանից մի քանի քննարկում է կազմակերպվել՝ տիկին Լենա Նանուշյանի աշխատասենյակում, նաև Կախվածությունների բուժման ազգային կենտրոն-ում ՊԱԳ-ի աշխատակիցների հետ:

2022 թվականի դեկտեմբերին շատ անակնկալ տեղեկանում եմ, որ ՊԱԳ-ը որոշել է չֆինանսավորել փոխարինող բուժման ծառայությունը, այսինքն՝ պետական պատվեր չտրամադրել:

Արդեն 2023 թվականի հունվարին նախարար տիկին Ավանեսյանին խնդրում եմ լուծել այդ հարցը: Նախարարն առաջարկում է այդ հարցով քննարկում կազմակերպել տիկին Լենա Նանուշյանի գլխավորությամբ: Օրեր անց քննարկում է կազմակերպվում ՊԱԳ-ի պետի ու նրա երրորդ տեղակալի, ԱՆ Գլոբալ հիմնադրամի ներկայացուցիչների և իմ մասնակցությամբ: Թեև խնդրել էի հրավիրել նաև մարզային հոգեկան առողջության կենտրոնների տնօրեններին, սակայն չէին հրավիրել:

«Քննարկում» կոչվող այդ ֆարսի հիմնական «ելույթ» ունեցող ՊԱԳ-ի նախկին պետ Ահարոն Բարսեղյանին չհետաքրքրեց որևէ արգումենտ: Անգամ իմ խոսքին, որ կենտրոնը գրեթե 10 միլիոն ՀՀ դրամ տարեկան վճարում է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն – Police of the RA Ministry of Internal Affairs մեր կենտրոնի անվտագությունն ապահովող պահպանության ծառայությանը՝ զինված ոստիկանի ներկայության համար, հետևեց պատասխան. «Ձեր ինչի՞ն է պետք ոստիկան»:

Արդյունքում չֆինանսավորվեց:

2024 թվականի մարտին՝ ՊԱԳ-ի պետ Ահարոն Բարսեղյանի խիստ անակնկալ ազատումից երկու օր հետո տիկին Անահիտ Ավանեսյանն ինձ կանչեց և խոստացավ, որ ֆինանսավորումը երեք շաբաթվա ընթացքում կլինի:

Ծառայության համար պետական պատվեր սկսեց տրամադրվել միայն 2024 թվականի օգոստոսին բազմաթիվ զեկուցագրերից ու խնդրանքներից հետո, այն էլ՝ մասնակի և միայն մեր կենտրոնին:

Իհարկե այս «օպերացիան» էլ էր «պատիժ» 2022 թվականին ՊԱԳ-ի եզրակացությունների հետ իմ անհամաձայնության համար», – գրել է նա։

Spread the love